Լայմի հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Լայմի հիվանդություն, հայտնի է նաև, որպես Լայմի բորելիոզ, վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է բորելիա բակտերիայով, որը տարածվում է տզերով[4]։ Վարակի ամենահաճախ հանդիպող նշանը մեծացող մակերեսով մաշկի կարմրությունն է, որը կոչվում է էրիթեմա միգրանս, որն առաջանում է տզի խայթոցի հատվածում, վերջինիս խայթելուց հետո մոտ 1 շաբաթ անց[5]։ Ցանը հիմնականում չքորվող է, անցավ[5]։ Վարակված անձանց 70-80%-ի մոտ զարգանում է ցան[5]։ Այլ վաղ հանդիպող նշաններից են տենդը, գլխացավը և հոգնածությունը[5]։ Եթե չբուժվեց, կարող են դիտվել դեմքի մեկ կամ երկու կեսերի շարժման անհնարինություն, հոդացավեր, պարանոցային կարկամությամբ ծանր գլխացավեր, սրտխփոց և այլն[5]։ Ամիսներ և տարիներ անց կարող են դիտվել հոդացավերի և հոդերի այտուցի կրկնվող դրվագներ[5]։ Երբեմն, կարող է դիտվել նաև ձեռքերի և ոտքերի սուր ցավեր կամ ծակծկոցներ[5]։ Չնայած բուժմանը, մոտ 10-20% դեպքերում հոդացավերը, հիշողության խնդիրները և հոգնածությունը պահպանվում են առնվազն 6 ամսվա ընթացքում[5][6]։
Լայմի հիվանդություն | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն |
Պատճառ | B. burgdorferi? |
Փոխանցման ձև | փոխանցում տզերի միջոցով, I. pacificus?[1] և I. scapularis?[1] |
Հիվանդության ախտանշաններ | Քրոնիկական թափառող էրիթեմա[2], հոգնածություն[2], գլխացավ[2], Հոդացավ[2], միալգիա[2], թելիկախաղ[2], պարէսթեզիա[2], Գլխապտույտ[2], առիթմիա[2], Քրոնիկական նեյրոպաթիկ ցավ, տենդ, Նյարդաբորբ, մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, Սրտամկանի բորբոքում, հոդաբորբ, encephalomyelitis? և հիպերտոիկ կարդիոմիոպատիա |
Բուժաքննություն | western blot?[3], ֆիզիկալ զննում, ELISEA?, գոտկային պունկցիա և բիոպսիա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն, մաշկաբանություն, նյարդաբանություն և սրտաբանություն |
ՀՄԴ-10 | A69.2 |
Borreliosis Վիքիպահեստում |
Լայմի հիվանդությունը մարդուն փոխանցվում է Իքսոդես ցեղին պատկանող վարակված տզի խայթոցից[7]։ ԱՄՆ-ում հանդիպող հիմնական տեսակը Ixodes scapularis-ն է, որը բակտերիայի տարածման համար մարդուն կպած պետք է լինի առնվազն 36 ժամ[8]։ Եվրոպայում Ixodes ricinus-ն ավելի արագ է տարածում բակտերիան[9][10]։ Հյուսիսային ամերիկայում հարուցիչը Borrelia burgdorferi -ն և Borrelia mayonii-ն են[4][11]։ Եվրոպայում և Ասիայում հիվանդությունը հարուցում են նաև Borrelia afzelii-ն և Borrelia garinii-ն[4]։ Հիվանդությունը չի փոխանցվում մարդուց մարդուն, այլ կենդանիներով կամ սննդի միջոցով[8]։ Ախտորոշումը հիմնված է ախտանշանների համակցման, տզի խայթելու պատմության և հնարավոր է նաև արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների հայտնաբերման վրա[12][13]։ Հիվանդության վաղ փուլերում արյան հետազոտությունները հիմնականում բացասական են լինում[4]։ Առանձին տզերի հետազոտությունը այնքան էլ հարմար չէ ախտորոշման տեսանկյունից[14]։
Կանխարգելման համար պետք է զերծ մնալ տզի խայթոցից, օրինակ՝ ձեռքերը և ոտքերը ծածկող հատուկ հագուստ կրելով և դիէթիլտոլուամիդային հիմքով միջատասպաններ օգտագործելով[4]։ Պեստիցիդներով տզերի քանակի կրճատումը նույնպես արդյունավետ է[4]։ Տիզը կարելի է հեռացնել ունելիով[15]։ Եթե հեռացվող տիզը արյունով լցված է, վարակի առաջացման կանխարգելման համար կարելի է կիրառել 1 դեղաչափ դոքսիցիկլին, բայց քանի որ հիվանդության զարգացումը հազվադեպ է դիտվում, հիմնականում խորհուրդ չի տրվում[4]։ Հիվանդության զարգացման դեպքում կարելի է կիրառել մեծ քանակությամբ հակաբիոտիկներ, որոնք արդյունավետ են այս հիվանդության համար, ներառյալ՝ դոքսիցիկլինը, ամոքսիցիլինը և ցեֆուրոքսիմը[4]։ Ստանդարտ բուժումը տևում է երկուսից երեք շաբաթ[4]։ Որոշ մարդկանց մոտ բուժման ժամանակ դիտվում է տենդ, մկանային և հոդային ցավեր, որոնք անցնում են մեկ երկու օրվա ընթացքում[4]։ Մշտական ախտանշաններով հիվանդների մոտ երկարատև հակաբիոտիկային բուժումն անարդյունավետ է[4][16]։
Լայմի հիվանդությունը հյուսիսային կիսագնդում տզերով փոխանցվող ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է[17]։ Ըստ առկա տվյալների ԱՄՆ-ում տարեկան մոտ 300,000, իսկ եվրոպայում՝ մոտ 65,000 մարդ վարակվում է այս հիվանդությամբ[4][18]։ Վարակն առավել հաճախ հանդիպում է գարնանը և վաղ ամռանը[4]։ Որպես առանձին հիվանդություն, Լայմի հիվանդությունը առաջին անգամ ախտորոշվել է 1975թ․-ին Կոնեկտիկուտ նահանգի Հին Լայմում[19]։ Սկզբում հիվանդությունը ընդունում էին, որպես յուվենիլ ռևմատոիդ արթրիտ[19]։ Բակտերիան առաջին անգամ նկարագրվել է 1981թ․-ին Վիլլի Բուրգդորֆերի կողմից[20]։ Բուժումից հետո դիտվող քրոնիկական ախտանշանները ներառված են Լայմի հիվանդության հետբուժումային համախտանիշի մեջ (ԼՀՀԲՀ)[16]։ ԼՀՀԲՀ-ն տարբերվում է քրոնիկական Լայմի հիվանդությունից․ այս տերմինը այլևս չի ընդունվում գիտական հանրության կողմից սակայն որոշ խմբեր շարունակում են այն օգտագործել[16]։ Որոշ առողջապահության կազմակերպիչներ պնդում են, որ ԼՀՀԲՀ-ն պայմանավորված է պերսիստենտ վարակով, սակայն այս պնդումը հստակ չի կարող ապացուցվել, քանի որ ստանդարտ բուժումից հետո վարակիչ օրգանիզմների հայտնաբերումն անհնար է[21]։ ԱՄՆ-ում լայմի հիվանդության պատվաստանյութը վաճառքի հանվեց 1998-2002թթ․-ին, սակայն դուրս է մղվել շուկայից վատ վաճառքի պատճառով[4][22]։ Հետազոտություններ են կատարվում նոր պատվաստանյութ ստեղծելու համար[4]։