Ծովային գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Ծովային գրականություն կամ ծովային գեղարվեստական գրականություն (naval fiction, sea fiction), գրական ժանրի տեսակ, ծովի և ծովի հետ կապված մարդկային փոխհարաբերությունների վրա ադապտացված գրականություն, որում առկա է ծովային մշակույթը, ծովային միջավայրը։
Ծովային գրականություն | |
---|---|
«Մոբի Դիք» ամերիկյան հայտնի ծովային վեպերից մեկի 1902 թվականի տպագրության նկարազարդումը | |
Տեսակ | գրական ժանր |
Nautical fiction |
Ծովային պատմությունների առարկան շատ բազմազան է՝ ներառյալ առևտրային նավերը, մարդատար նավերը, ռազմանավերը, ձկնորսական նավերը, փրկարար նավակները և այլն, ինչպես նաև ծովային նավահանգիստները և ձկնորսական գյուղերը։ Գիտական գրականության մեջ ծովային գրականության մասին խոսելիս ամենից հաճախ մեջբերվում են վեպեր, նովելներ և պատմվածքներ, երբեմն՝ դրանք անվանելով ծովային վեպեր կամ ծովային պատմվածքներ։ Այս գործերը երբեմն հարմարեցվում են թատրոնի, կինոյի և հեռուստատեսության համար։
Ծովային գեղարվեստական գրականությունը սկիզբ է առել անգլիական վեպից, և չնայած այդ թեմատիկան հիմնականում բրիտանական և հյուսիսամերիկյան գրականությանն է հատուկ, կան նաև նշանակալի գործեր ճապոնական, ֆրանսիական, սկանդինավյան և այլ արևմտյան գրականությունում[1]։ Թեև ծովային և ծովային մշակույթին առնչվող թեմաների և միջավայրերի մշակումը տարածված է արևմտյան գրականության պատմության ամբողջ ընթացքում, ծովային գրականությունը, որպես առանձին ժանր, առաջին անգամ ստեղծվել է Ջեյմս Ֆենիմոր Կուպերի («Նավավարը», 1824) և Ֆրեդերիկ Մարիատի («Ֆրանկ Միլդմայ», 1829 և «Սուսիկ-փուսիկ միչմանը» / Mr Midshipman Easy, 1836) կողմից 19-րդ դարի սկզբին։ 18-րդ դարում և ավելի վաղ էլ են գրվել ծովային պայմաններով գործեր, բայց քչերն են այնպես լիովին զարգացած, որքան այս ժանրի հետագա աշխատանքները։
Ժանրը զարգացել է՝ ներառելով նշանավոր գրական ստեղծագործություններ, ինչպիսիք են Հերման Մելվիլի «Մոբի Դիքը» (1851), Ջոզեֆ Կոնրադի «Լորդ Ջիմը» (1899-1900), ժանրային գրականությունը, ինչպիսին է Ս. Ֆորեստերի «Հորնբլուեր շարքը» (1937-1967), և այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք հավասարակշռում են ժանրային և գրական գեղարվեստական գրականության (popular and literary fiction) միջև անջրպետը, ինչպես Պատրիկ Օ'Բրայանի «Օբրի-Մատուրին շարքը» (1970-2004)։
Ծովային գրականության գլխավոր կերպարները տղամարդիկ են, ինչը պայմանավորված է ծովային մշակույթում տղամարդկանց գերակայությամբ։ Բացառություն են այն գործերը, որոնցում պատկերված են կին ուղևորներ տեղափոխող նավեր։ Այդ պատճառով ծովային ֆանտաստիկան հինականում տղամարդկանց համար է։ Այն սովորաբար ներառում է տղամարդուն բնորոշ թեմաներ, ինչպիսիք են առնականության և հերոսության վրա շեշտադրումը, սոցիալական հիերարխիայի ուսումնասիրությունները և անհատի հոգեբանական պայքարը ծովի թշնամական միջավայրում։
Ոճական առումով ծովային ժանրի ընթերցողներն ակնկալում են արկածային շեշտադրում, ծովային մշակույթի ճշգրիտ ներկայացում և ծովային բառապաշարի օգտագործում։ Ծովային գեղարվեստական ստեղծագործությունները կարող են լինել վեպեր, ինչպիսիք են պատմական սիրավեպը, ֆենտեզի, ֆանտաստիկա և արկածային գեղարվեստական գրականությունը, ինչպես նաև կարող են համընկնել պատերազմական գեղարվեստական գրականության, մանկական գրականության, ճանապարհորդական պատմվածքների (օրինակ՝ Ռոբինզոնադա), սոցիալական խնդրի վեպերի և հոգեբանական գեղարվեստական գրականության հետ։