Կալիստո (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Կալիստո (հուն․՝ Καλλιστώ), Յուպիտերի արբանյակն է, Գալիլեյան արբանյակներից մեծությամբ երկրորդը Գանիմեդից հետո։ Կալիստոն Արեգակնային համակարգի մեծությամբ երրորդ բնական արբանյակն է, երկրորդը Սատուրնի արբանյակ Տիտանն է։ Կալիստոն հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին։ Անվանվել է հին հունական աստված Զևսի սիրուհի նիմփա Կալիստոյի անունով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիստո (այլ կիրառումներ)
Կալիստո (Յուպիտեր IV) Callisto | |
---|---|
Կալիստոյի Յուպիտերին հակադարձ կողմի լուսանկարը, կատարված է «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 7 հունվար 1610[1] թ. (Գալիլեո Գալիլեյի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 5,65[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 1 882 700 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 1 869 000 կմ |
Ապոհելին | 1 897 000 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,0074[3] |
Սիդերիկ պարբերություն | 16,6890184 օր[3] |
Ուղեծրային արագություն | 17,334 կմ/վ |
Թեքվածություն | 0,192° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ) 2,017° (խավարածրի հարթության նկատմամբ)[3] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 2410,3±1,5 կմ[4] |
Մակերևույթի մակերես | 7,30×107 կմ²[5] |
Ծավալ | 5,9×1010 կմ3[5] |
Զանգված | 1,075938±0,000137×1023 կգ[4] |
Միջին խտություն | 1,8344±0,0034 գ/սմ3[4] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 1,235 մ/վ² (0,126 g)[5] |
2-րդ տիեզերական արագություն | 2,440 կմ/վ[5] |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[4] |
Առանցքի թեքում | 0°[4] |
Ալբեդո | 0,22[6] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | մոտ 4×108 մոլեկուլ/սմ3 ածխաթթու գազ[7]; մինչև 2×1010 մոլեկուլ/սմ3 թթվածին(O2)[8] |
Մթնոլորտի ջերմաստիճան | 134±11 K[6] |
Արբանյակի տրամագիծ 4821 կմ է, ինչը կազմում է Մերկուրիի տրամագծի 99%-ը, սակայն Կալիստոյի զանգվածը մոլորակի զանգվածի միայն երրորդ մասն է։ Կալիստոն Գալիլեյան արբանյակներից չորրորդն է Յուպիտերից հեռավորությամբ, ուղեծիրը կազմում է 1 883 000 կմ[3]։ Այն չի մտնում ուղեծրային ռեզոնանսի մեջ այլ արբանյակների հետ, ինպես մյուս Գալիաեյան արբանյակները, և հետևաբար չի ենթարկվում զգալի մակընթացային տաքացման[9]։ Կալիստոն գտնվում է մակընթացային փականի մեջ և նրա միայն մի կիսագունդն է ուղղված դեպի մոլորակը։ Արբանյակը ավելի քիչ է գտնվում մոլորակի հզոր մագնիսոլորտի ազդեցության տակ, քան մյուս ներքին արբանյակները, քանի որ պտտվում է մոլորակի ռադիացիոն գոտուց դուրս[10][11]։
Կալիստոն կազմված է մոտ հավասար մասերով քարերից և սառույցներից, նրա միջին խտությունը կազմում է մոտ 1,83 գ/սմ3, Յուպիտերի մեծ արբանյակների միջև այն ունի ամենափոքր խտությունն ու մակերևույթին ձգողությունը։ Արբանյակի մակերևույթին սպեկտրոսկոպիկ հետազոտությունների արդյունքում դիտարկված միացությունները հիմնականում եղել են ջրային սառույցներ[12], ածխաթթու գազ, սիլիկատներ, և օրգանական միացություններ։ Գալիլեո կայանից կատարված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ Կալիստոն կարող է ունենալ փոքր սիլիկատե միջուկ և հեղուկ ջրի ընդերքային օվկիանոս[12], որն ընկնում է մակերևույթից 100 կմ-ից խորության վրա[13][14]։
Կալիստոյի մակերևույթը Արեգակնային համակարգում ամենահինն է և ամենաշատն է ծածկված հարվածային խառնարաններով[15]։ Արբանյակի մակերևույթը ամբողջովին ծածկված է խառնարաններով[16]։ Արբանյակի հետազոտությունները ցույց չեն տվել էնդոգենիկ ակտիվություն, այնպիսիք, ինչպես սալերի տեկտոնիկա կամ հրաբուխներ, այսպիսի ակտիվության հետքեր նույնպես չեն գրանցվել։ Կարծիք կա, որ արբանյակի մակերևույթը ձևավորվել է միայն հարվածային ազդեցությունների հետևանքով[17]։ Մակերևույթի նշանակալի առանձնահատկությունները ներառում են բազմաօղակ շրջաններ, տարաբնույթ հարվածային խառնարաններ, ինչպես նաև խառնարանների շղթաներ և դրանց հետ կապված աստիճանաձև բծեր, լեռնաշղթաներ և նստվածքներ[17]։
Կալիստոն ունի չափզանց բարակ մթնոլորտ, որը բաղկացած է ածխաթթու գազից[7] և հավանաբար մոլեկուլար թթվածնից[8], ինչպես նաև արբանյակը ունի բավականին հագեցած իոնոլորտ[18]։ Ենթադրվում է, որ Կալիստոն առաջացել է Յուպիտերի առաջացման ժամանակից մոլորակը շրջապատող գազի և փոշու մասնիկների ամպից դանդաղ աճանստվածքի արդյունքում[19]։ Կալիստոյի դանդաղ աճանստվածքման և մակընթացային տաքացման պայմաններում արբանյակը չի ունեցել բավարար ջերմություն արագ ձգողական դիֆերենցացման համար։ Արբանյակի ընդերքի դանդաղ կոնվեկցիան հանգեցրել է մասնակի դիֆերենցացման և հնարավոր է նաև առաջացրել է ընդերքային օվկիանոս 100–150 կմ խորության վրա, թողնելով համեմատաբար փոքր քարե միջուկ արբանյակի կենտրոնում[20]։
Կալիստոյի ընդերքում օվկիանոսի գոյությունը թույլ է տալիս ենթադրել, որ արբանյակի ընդերքային օվկիանոսում կարող է լինել կյանք։ Այնուամենայնիվ, Կալիստոյի վրա պայմանները ավելի անբարենպաստ են, քան Եվրոպայի վրա[21]։ Արբանյակը հետազոտել են մի շարք տիեզերական սարքեր, սկսած Պիոներ-10-ից մինչև Կասինին։ Հաշվի առնելով Կալիստոյի ցածր ճառագայթման ֆոնը, արբանյակը դիտարկվում է որպես բնակելի կայան կառուցելու համար լավագույն տեղաբաշխումը Յուպիտերի համակարգում[22]։