Ղրիմի կոնֆերանս (1945)
From Wikipedia, the free encyclopedia
Ղրիմի կոնֆերանս 1945, Յալթայի կոնֆերանս, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Իոսիֆ Ստալին, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլ) կոնֆերանս՝ արտգործնախարարների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։ Կայացել է Յալթայի մոտ` Լիվադիա պալատում փետրվարի 4-11-ը, երբ խորհրդային բանակի հակագրոհի հետևանքով ռազմական գործողությունները տեղափոխվել էին Նացիստական Գերմանիայի տարածք, և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլ։ Ղրիմի կոնֆերանսում համաձայնություն կայացվեց Գերմանիայի վերջնական ջախջախման, դրա նկատմամբ դաշնակցային հսկողության, ռազմատուգանքների հարցերի վերաբերյալ, ընդունվեցին աշխարհի ետպատերազմյան կազմակերպման, հատկապես Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ստեղծման ընդհանուր քաղաքական սկզբունքները։ Ղրիմի կոնֆերանսն ընդունեց «Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիրը», որով դաշնակից տերությունները պատրաստակամություն հայտնեցին համաձայնեցնել իրենց գործողությունները ազատագրված Եվրոպայի քաղաքական և տնտեսական խնդիրները լուծելիս։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ խորհրդա-լեհական սահման պետք է դառնա «Քերզոնի գիծը», որ Լեհաստանի տարածքը պետք է զգալիորեն ընդլայնվի հյուսիսում և արևմուտքում։ Ղրիմի կոնֆերանսում մի շարք հանձնարարականներ ընդունվեցին Հարավսլավիայում ժամանակավոր միացյալ կառավարության խորհրդարան ստեղծելու վերաբերյալ։ «Հեռավոր Արևելքի հարցերի շուրջը երեք մեծ տերությունների համաձայնագրով» նախատեսվում էր ԽՍՀՄ-ի մուտքը Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ՝ Գերմանիայի կապիտուլյացիայից 2-3 ամիս հետո։ Մասնավորապես նշվեց, որ պատերազմն ավարտվելուց հետո ԽՍՀՄ-ին կվերադարձվեն Հարավային Սախալինը՝ հարակից կղզիներով և կտրվեն Կուրիլյան կղզիները։ Ղրիմի կոնֆերանսի բազմաթիվ որոշումներ այդպես էլ չիրականացան։