Միրչա Էլիադե
From Wikipedia, the free encyclopedia
Միրչա Էլիադե (ռումիներեն՝ Mircea Eliade, մարտի 9 (22), 1907[1][2][3][…], Բուխարեստ, Ռումինիա[4] - ապրիլի 22, 1986(1986-04-22)[5][6][7][…], Չիկագո[4]), ռումինացի, ֆրանսիացի, ամերիկացի փիլիսոփա, մշակույթի փիլիսոփա, կրոնաբան, կրոնի պատմաբան, բանագետ, գրող։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես դիցաբանության հետազոտող, կրոնական խորհրդանշանների, ծիսակարգերի, շամանության, մոգության, օկուլտականության, էքստազի հին տեխնիկայի, հին գիտակցության ու մտածողության վերլուծաբան։
Եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1966 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի։ Ավելի քան 30 գիտական, գրական ու փիլիսոփայական աշխատությունների հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով։ Եղել է պոլիգլոտ. ազատ տիրապետել է տասը լեզվի` ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն, սանսկրիտ, եբրայերեն, պարսկերեն, բենգալերեն, պալի։
Էլիադեի` կրոնի պատմությանն առնչվող առավել արժեքավոր աշխատություններից են շամանությանը, յոգային, կոսմոգոնիան արտացոլող լեգենդներին նվիրված գործերը։ Նա հետազոտել է նաև աշխարհի դիցաբանական նկարագրությունից պատմական նկարագրության անցումը։