Շաքար
From Wikipedia, the free encyclopedia
Շաքար, քաղցր, կարճ շղթայով, լուծելի ածխաջրերի ընդհանուր անվանումը, որոնք օգտագործվում են սննդի մեջ։ Շաքարները կազմված են ածխածնից, ջրածնից և թթվածնից։ Գոյություն ունեն շաքարի տարբեր տեսակներ որոնք սկիզբ են առնում տարբեր տեղերից։ Գրանուլացված շաքարը կամ սեղանի շաքարը սախարոզն է, որը դիսախարիդ է։ Մարմնում սախարոզը հիդրոլիզվում է ֆրուկտոզի և գլյուկոզի։ Մյուս դիսախարիդներից են մալթոզը և լակտոզը։ Շաքարների ավելի երկար շղթաներն անվանվում են օլիգոսախարիդներ։ Տարբեր քիմիական միացություններ նույնպես կարող են ունենալ քաղցր համ, սակայն նրանք չեն դասակարգվում որպես շաքարներ։ Այս քիմիական միացություններից շատերը օգտագործվում են ցածր կալորիականությամբ սննդի մեջ և անվանվում են արհեստական քաղցրացուցիչներ։
cioccolato di Modica? | |
---|---|
Տեսակ | excipient? և քիմիական միացությունների խումբ |
Ենթատեսակ | ածխաջրեր[1] |
Sugars Վիքիպահեստում |
Շաքարը հանդիպում է բույսերի մեծամասնության հյուսվածքներում բայց արտադրման համար բավարար քանակով գտնվում են շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում։ Շաքարեղեգ են անվանում Saccharum ցեղի բույսերի մի քանի տեսակներին, որոնք հնագույն ժամանակներից մշակվել են Հարավային Ասիայի և Հարավարևելյան Ասիայի արևադարձային շրջաններում։ Շաքարի արտադրությունը բուռն կերպով սկսեց զարգանալ 18-րդ դարում՝ Արևմտյան Հնդկաստանում և Ամերիկաներում շաքարի պլանտացիաների հիմնումից հետո։ Միայն այդ ժամանակ շաքարը հասանելի դարձավ սովորական մարդկանց, որոնք նախկինում օգտագործում էին միայն մեղր կամ քաղցր պտուղներ։ Շաքարի ճակնդեղը՝ Beta vulgaris-ի կուլտիվացված տարբերակը, որպես արմատապտուղ աճում է սառը կլիմայում և դարձել է շաքարի հիմնական աղբյուր 19-րդ դարում, երբ հասանելի դարձան շաքարի էքստրացիայի մեթոդները։ Շաքարի արտադրությունը և վաճառքը շատ առումներով փոխեց մարդկության պատմության ընթացքը՝ ազդելով գաղութների ձևավորման, ստրկության, պայմանագրային աշխատանքի, մարդկանց միգրացիայի զարգացման և շաքար արտադրող ազգերի միջև պատերազմների առաջացման, ինչպես նաև Նոր Աշխարհում ազգային և քաղաքական կառուցվածքի վրա։
2011 թվականին աշխարհում արտադրվել է ավելի քան 168 միլիոն տոննա շաքար։ Միջինում մարդը տարեկան օգտագործում է 24 կգ շաքար՝ 33,1 կգ զարգացած երկրներով, որը ավելի քան 260 կալորիա է մեկ օրվա համար։
20-րդ դարի վերջերից սկսել է քննարկվել այն հարցը, թե արդյոք շաքարի մեծ քանակությունը սննդակարգում օգտակար է մարդու առողջության համար։ Շաքարը կապվել է գիրության հետ և մասամբ կամ ամբողջությամբ համարվում է շաքարային դիաբետի, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, մտավոր հետամնացության, ատամների փչացման պատճառ։ Այս ամենի վերաբերյալ իրականացվել են տարբեր հետազոտություններ տարբեր արդյունքներով, հիմնականում այն պատճառով, որ շատ դժվար է գտնել ստուգիչ խումբ՝ մարդիկ, որոնք չեն օգտագործում շաքար իրենց սննդակարգում։