Ոսկե թիմ
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե թիմ (հունգ.՝ Aranycsapat), Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար թիմի տարածված անվանումը։ Հանդես է եկել 1950-ական թվականների առաջին կեսին մարզիչ Գուստավ Շեբեշի գլխավորությամբ։ Թիմի կազմում խաղում էին Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Շանդոր Կոչիշը, Նանդոր Հիդեգկուտին, Յոժեֆ Բոժիկը, Դյուլա Գրոշիչը։ Այս թիմն առանց պարտության անցկացրել է 32 անընդմեջ խաղ, և այդ ցուցանիշն անգերազանցելի է մնում եվրոպական ֆուտբոլում մինչ այսօր։ Այդ ընթացքում Հունգարիայի հավաքականը դարձել է 1952 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, հաղթել է Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությունում։ 1953 թվականին հունգարացիները 6։3 հաշվով հաղթել են անգլիացիներին՝ դառնալով առաջին ոչ բրիտանական թիմը որ կարողացել է հաղթել անգլիացիներին «Ուեմբլի» մարզադաշտում։ Այդ հաղթանակից յոթ ամիս անց տեղի ունեցած պատասխան խաղում հունգարացիները Բուդապեշտում հաղթել են 7:1 հաշվով[1]։ Հաղթական խաղերի շարքն ավարտվել է 1954 թվականին, երբ աշխարհի առաջնության եզրափակչում Հունգարիան 2։3 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին։ Դրանից հետո հունգարացիները ևս 18 խաղ են անցկացրել առանց պարտության՝ դառնալով առաջին թիմը, որ Մոսկվայում հաղթել է ԽՍՀՄ հավաքականին[2]։ Հաղթական խաղերի նոր շարքը շարունակվել է մինչև 1956 թվականը և ավարտվել Թուրքիայի հավաքականի դեմ խաղում կրած պարտությամբ։