Նանդոր Հիդեգկուտի (հունգ.՝ Hidegkuti Nándor, 3 մարտի, 1922, Բուդապեշտ, Հունգարիա – 14 փետրվարի, 2002, Բուդապեշտ), իսկական անունը՝ Նանդոր Կալտենբրուներ[4] (հունգ.՝ Kaltenbrunner Nándor), հունգարացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Խաղացել է Հունգարիայի ազգային հավաքականում հետ քաշված հարձակվողի դիրքում՝ դառնալով առաջին կենտրոնական հարձակվողն աշխարհում, ով խաղացել է դաշտի կենտրոնին մոտ[5]։ Եղել է հայտնի «Ոսկե թիմի» անդամ, որ 32 խաղ անընդմեջ անցկացրել է առանց պարտության։ 1954 թվականի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի կազմում արժանացել է արծաթե մեդալի, իսկ 1952 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն։ Եղել է Անգլիայի հավաքականի դեմ խաղում Հունրգարիայի հաղթանակի կերտողներից մեկը՝ խաղի ընթացքում ձևակերպելով հեթ-տրիկ․ այդ խաղում անգլիացիներն առաջին անգամ տնային խաղում պարտվել են ոչ Մեծ Բրիտանիայից եկած թիմի[6]։
Նանդոր Հիդեգկուտիի անունն է կրում մարզադաշտ Բուդապեշտում[7]։