Ռաֆայելի դիմանկարներ
Ռաֆայել Սանտիի ստեղծած նկարներ / From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել Սանտիի դիմանկարչական արվեստից պահպանվել են մոտավորապես 20 ստեղծագործություններ, որոնք հաստատապես պատկանում են նկարչի վրձնին։ Այս գործերի մեծ մասը գտնվում է Իտալիայում՝ Պիտտի և Ուֆֆիցի թանգարաններում։ Ռաֆայելի դիմանկարների մեծ մասը, որոնք ստեղծվել են մինչև 1505 թվականը, դարձել են սուր քննարկումների առարկա՝ բացառությամբ Պիետրո Բեմբոյի դիմանկարի։ Այդ շրջանում ստեղծված գործերի մեծ մասը վերագրվել են Պերուջինոյին, Ֆրանչեսկո Ֆրանչին, Լորենցո Դի Կրեդիին, Ռիդոլֆո Գիռլանդայոյին։
1504 թվականին Ֆլորենցիա տեղափոխվելուց հետո նկարիչը կրում է Լեոնարդո դա Վինչիի ազդեցությունը։ 1510-ական թվականներին ստեղծված դիմանկարները նորույթ էին դիմանկարչական արվեստում և իրենց ազդեցությունն ունեցան նկարիչների մի քանի սերունդների վրա, այդ թվում՝ Ժակ Լուի Դավիդի և Էնգրի։ Հռոմեական շրջանի դիմանկարները հագեցած են բացառիկ հոգեբանությամբ։ Նկարիչը փնտրում և գտնում է նոր ուղիներ՝ բնորդի ներաշխարհին հասնելու համար։ Նա հրաժարվում է բնանկարային ֆոնի պատկերումից և ամբողջովին կենտրոնանում է կերպարի վրա։ Յուրաքանչյուր բնորդի առանձնահատուկ անհատականությունը ներդաշնակ է անձի վեհ, իդեալական գաղափարի հետ, ինչը բնորոշ է Բարձր Վերածննդին։
Ռաֆայելի դիմանկարների գլուխգործոց է համարվում ընկերոջ՝ Բաղդասար Կաստիլյոնեի դիմանկարը, որը գտնվում է Լուվրում (1515 թ.)[1]: Նկարն արժանացել է Ռուբենսի և Ռեմբրանդի բարձր գնահատականին[2]։ Կարդինալներ Ջուլիո Մեդիչիի և Լուիջի Ռոսսիի հետ Լև 10-րդի դիմանկարի (1518 թ.) ուսումնասիրությունից պարզվել է, որ Ռաֆայելի արվեստում զգալի են աշակերտների, հատկապես Ջուլիո Ռոմանոյի ներդրումները։ Ռաֆայելին վերագրվող ուշ շրջանի գործերն աչքի են ընկնում անսովոր սառնությամբ, գեղարվեստական բարդացված լուծումներով և գունային շինծու համադրություններով, որոնք ազդարարում էին մանիերիզմի սկիզբը։
Առանձին ընդգծվել են.