Օրգանական քիմիա
From Wikipedia, the free encyclopedia
Օրգանական կոչվում են այն միացությունները, որոնց բաղադրության մեջ մտնում է ածխածին տարրը։ Ածխածնի բնական և սինթետիկ միացությունների մեծամասնությունը օրգանական է և դրանք ուսումնասիրում է օրգանական քիմիան։ Ածխածնի պարզագույն միացությունները՝ օքսիդները, ածխաթթուն ու իր աղերը և որոշ այլ միացություններ ընդունված է դասել անօրգանական միացություններին[1]։
Օրգանական միացությունները, ածխածնից բացի, ավելի հաճախ պարունակում են ջրածին,թթվածին,ազոտ, ավելի քիչ՝ ծծումբ, ֆոսֆոր, հալոգեններ և որոշ մետաղներ (առանձին կամ տարբեր համակցություններով)[2]։
Օրգանական քիմիան քիմիայի մեծ և ինքնուրույն բաժին է, որի առարկան հանդիսանում է ածխածնի միացությունների քիմիան և դրանց կառուցվածքը, հատկությունները, ստացման եղանակները, գործնական կիրառման հնարավորությունները։ Գործնականորեն անհնար է որոշակի սահման դնել օրգանական և անօրգանական քիմիաների միջև[1][3][4]։
XIX դ. սկզբին օրգանական քիմիան առանձնացվել է որպես ինքնուրույն գիտություն։ Դրան նպաստել է մեծ քանակությամբ օրգանական նյութերի հայտնաբերումն ու ուսումնասիրումը, հատկապես այնպիսիք, որոնք անջատվել են բույսերից և կենդանիների օրգանիզմներից։ XIX դ. առաջին կեսին օրգանական նյութերը առաջին անգամ ստացվել են սինթետիկ եղանակով[5]։
Օրգանական նյութերը մեծ դեր են խաղում մարդու կյանքում ու գործնական գործունեությունում։ Նշենք արդյունաբերական կարևորագույն ճյուղերը, որոնք արտադրում են օրգանական նյութեր կամ վերամշակում են օրգանական հումք, կաուչուկի, ռետինի, խեժերի, պլաստմասանների, մանրաթելերի արտադրություն, նավթատեխնիկական, սննդի, դեղագործական, լաքաներկերի արդյունաբերություն և այլն։ Մեր դարում բացառիկ մեծ նշանակություն է ստացել բարձրամոլեկուլային միացությունների՝ պոլիմերների, արտադրությունը[6]։