Ֆեմինիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեմինիզմ (ֆր.՝ feminisme, լատին․՝ femina - կին), քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների[1][2]։ Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։
Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։
Ֆեմինիստներն աշխատել և աշխատում են կանանց համար հասանելի դարձնել օրինական ճանապարհով հղիության արհեստական ընդհատումներն և սոցիալական ինտեգրացիան, պաշտպանել կանանց և աղջիկներին բռնաբարություններից, սեռական ոտնձգություններից և ընտանեկան բռնությունից[3]։ Հագուստի մեջ փոփոխությունները և ընդունելի ֆիզիկական գործունեությունը հաճախ ֆեմինիստական շարժումների մաս են կազմել[4]։
Ֆեմինիստական շարժումներն իրենց ազդեցիկ դերն ունեն կանանց իրավունքների համար մղվող կարևոր պատմական սոցիալական փոփոխությունների հետևում, մասնավորապես Արևմուտքում, որտեղ մարդիկ գրեթե միաձայնորեն ընդունում են կանանց ընտրական իրավունքը, անգլերեն լեզվում սեռի չեզոքության կիրառումը, կանանց վերարտադրողական առողջության իրավունքը (այդ թվում՝ բեղմնականխման հասանելիությունը և հղիության արհեստական ընդհատման օրիանականացումը)[5]։
Չնայած նրան, որ ֆեմինիստական քարոզչությունը հիմնականում եղել և մնում է կենտրոնացած կանանց իրավունքների վրա, որոշ ֆեմինիստներ, այդ թվում՝ Բելլ Հուքսը, հավատացած են, որ տղամարդիկ նույնպես տուժում են ավանդական գենդերային դերերից[6]։
Ֆեմինիստական շարժումներից առաջացած ֆեմինիստական տեսությունը նպատակ ունի հասկանալու ենթադրյալ գենդերային անհավասարության բնույթը՝ ուսումնասիրելով կանանց սոցիալական դերերն ու ունեցած փորձը. գենդերին վերաբերող հարցերին պատասխանելու համար մի շարք գիտական ճյուղերում մշակվել են տարբեր տեսություններ[7][8]։
Տարիների ընթացքում մշակվել են տարբեր տեսակետներ և նպատակներ ներկայացնող բազմաթիվ ֆեմինիստական շարժումներ և գաղափարախոսություններ։ Ֆեմինիզմի որոշ տեսակներ քննադատվել են, քանի որ հաշվի էին առնում միայն սպիտակամորթ, միջին դասի և կրթություն ստացած կանանց։ Այս քննադատությունը հանգեցրել է ֆեմինիզմի էթնիկապես առանձնացված կամ բազմամշակութային ձևերի ստեղծմանը, այդ թվում՝ սև ֆեմինիզմի և ինտերսեկցիոնալ ֆեմինիզմի[9]։