Աբսուրդիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Աբսուրդ, փիլիսոփայական հասկացություն, նշանակում է այն կոնֆլիկտը, որն առաջանում է մարդու՝ իրական արժեքների և կյանքի իմաստի որոնման և այդ իմաստը գտնելու անկարողության միջև։ Այս տեսակետից աբսուրդ չի նշանակում տրամաբանական անկարողություն այլ ավելի շատ մարդկային անկարողություն[1]։ Տիեզերքն ու մարդկային միտքը առանձին-առանձին աբսուրդ չեն առաջացնում, այլ աբսուրդը ծագում է երկուսի համաժամանակյա գոյության հակասական բնույթից։
Այսպիսով, աբսուրդիզմը փիլիսոփայական ուղղություն է, որը գտնում է, որ մարդու՝ իրական արժեքի և կյանքի իմաստի որոնման ջանքերը մատնված են ձախողման (աբսուրդ են)։ Որպես փիլիսոփայություն, աբսուրդիզմը բացահայտում է աբսուրդի հիմնարար բնույթը, թե ինչպես անհատները մեկ անգամ գիտակցելով աբսուրդը պիտի պատասխանեն դրան։ Աբսուրդիստական փիլիսոփա Ալբեր Կամյուն գտնում է, որ անհատները պետք է ընդունեն մարդու գոյության աբսուրդային բնույթը և միաժամանակ շարունակեն որոնել և բացահայտել կյանքի իմաստը[2]։
Աբսուրդիզմի որոշ տեսական կաղապարներ, հասկացություններ նման են էքզիստենցիալիզմին և նիհիլիզմին։ Այն ծագում է 19-րդ դարի դանիացի փիլիսոփա Սյորեն Կիերկեգորի աշխատություններում, որտեղ նա ընտրում է դեմ առ դեմ կանգնել մարդու՝ աբսուրդին բախվելու ճգնաժամին՝ զարգացնելով իր սեփական էքզիստենցիալիստական փիլիսոփայությունը[3]։ Աբսուրդիզմը որպես հավատալիքների համակարգ ծագեց Եվրոպական էքզիստենցիալիստական ուղղության վրա, հատկապես, երբ Կամյուն ժխտեց էքզիստենցիալիզմի որոշ հայեցակետեր[4] և տպագրեց իր «Սիզիփոսի առասպելը» էսսեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ապահովեց այնպիսի հասարակական միջավայր, որը խթանեց աբսուրդիզմի հայացքների առաջացումը՝ ապահովելով այս ուղղության հանրային զարգացումը, հատկապես ավերված Ֆրանսիայում։