Ադանա
From Wikipedia, the free encyclopedia
Ադանա (թուրքերեն՝ Adana)[1], քաղաք Թուրքիայում՝ Դաշտային Կիլիկիայում, Ադանայի մարզկենտրոնը։ Քաղաքը գտնվում է Սեյհան գետի ստորին հոսանքի շրջանում, որտեղ գետը դառնում է նավարկելի։ Ադանան կառավարում է երկու շրջան՝ Սեյհան և Յուրեղիր, որոնց միագումար բնակչությունը 1.530.257 է[2] և տարածքը՝ 1.945 կմ²[3]։ Ադանան վեցերորդ խիտ բնակեցված քաղաքն է Թուրքիայում (Պոլսից, Անկարայից, Իզմիրից, Բուրսայից և Անթալիայից հետո)։ Հիշատակվում է մ.թ.ա. V դարից։ Մ.թ.ա. III-II դարերում եղել է հելլենիստական մշակույթի կենտրոն։ Հռոմեական տիրապետության ժամանակ (I-IV)վերածվել է զորակայանի, զգալիորեն անկում է ապրել մշակութային կյանքը։ Որոշ չափով կառուցապատվել և բարենորոգվել է Բյուզանդիայի Հուստինիանոս I կայսերի օրոք (527-565 թթ.)։ Տակավին կանգուն է VI դարի Սարոս գետի վրա կառուցած քարաշեն կամուրջը (22 կամար, թռիչքը՝ մոտ 200 մ)։ XI դարում Ադանայում գերակշռել է հայ բնակչությունը։ Նույն դարավերջին Ադանայի տերն է եղել Հեթումյանների տան հիմնադիր, գանձակեցի իշխան Օշինը։ 1097 թ.-ին զավթել են խաչակիր ասպետները։ 1130-ական թվականների սկզբին Լևոն Ա-ն Դաշտային Կիլիկիայի հետ ազատագրել է Ադանան և միավորել Ռուբինյանների իշխանապետությանը։ XII-XIV դարերում քաղաքն ապրել է նոր վերելք, դարձել հայ մշակույթի, արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն։ XII դարի 2-րդ կեսին Ադանայում հիմնվել է արքունի պալատ, Սբ. Աստվածածին և Սբ. Ստեփանոս եկեղեցիները (հին եկեղեցիներից հիշվում են Սբ. Հակոբը և Սբ. Մորոթուն)։ Քաղաքի արևմտյան մասում, գետափին բարձրացող ժայռին կառուցվել է ամրոց, շրջափակվել աշտարակավոր պարիսպներով (1836 թվականին ավերել են թուրքերը)։ XIV դարի սկզբին Ադանան հիշվում է «հոյակապ և թագավորական քաղաք», ուր 1316 թվականին գումարված աշխարհիկ և հոգևոր մեծամեծների «աշխարհաժողովը» քննել է հայկական և կաթոլիկ եկեղեցիների միավորման հարցը (տես Ադանայի ժողով 1316 թ.)։ Հայկական պետականության անկումից (1375 թ.) հետո Ադանան գրավել, ավերի ու ավերածության են մատնել Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը։ 1378 թվականից քաղաքը զավթել են Ռամազանյան տոհմի թուրքմենները, XV դարի 2-րդ կեսից՝ օսմանյան թուրքերը։ Նվաճողները Սբ. Հակոբի հոյաշեն եկեղեցին վերածել են մզկիթի և կոչել Ուլու-ջամի։ Բայց երկար ժամանակ չի հաջողվել վերացնել Ադանայի հայերի ինքնուրույնությունը.XVII դարում հաջորդաբար քաղաքի գլխավոր տանուտեր են հիշվում հայ խոջաները (Խաչատուր, Սարգիս, Մանուկ և ուրիշներ)։ XIX դարի կեսից դարձել է Ադանայի նահանգի կենտրոնը։ XIX դարի սկզբին Ադանան ուներ մոտ 12600 (3000 տուն) հայ բնակիչ, որոնց բարեկարգ տները (մեծ մասամբ երկհարկանի) պատած էին պտղատու պարտեզներով, այգիներով, ծաղկաստաններով)։ Հայերի ձեռքում էին կենտրոնացած քաղաքի արդյունաբերությունն ու առևտուրը։ Ունեին բազմաթիվ գործարաններ (մահուդի, կերպասի, բամբակի, ներկերի, օղու, գարեջրի և այլն), արհեստանոցներ (ոսկերչության, արծաթագործության, գորգագործության, կարպետագործության, կաշեգործության, խպեցեգործության և այլն), ջրաղացներ։ Ադնայի հայերն ունեին թատրոն, հիվանդանոցներ, վարժարաններ (Աբգարյան, Աշխենյան, Արամյան և այլն), եկեղեցիներ (Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս, Անմարատ Հղության, Սբ. Կույս), որոնց կից դպրոցներ կային։ Ադանայի հազարավոր հայեր զոհ դարձան 1909 թվականին թուրքական կառավարության կազմակերպած ջարդերին (տես Ադանայի կոտորած 1909 թ.)։ Զգալի թվով ադանացի հայեր սպանվեցին 1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ։ 1919 թվականին, երբ հայ-ֆրանսիական զորքերը ազատագրեցին Կիլիկիան, փրկված հայերից շատերը վերադարձան հայրենի քաղաքը և լծվեցին տնտեսության վերականգնման աշխատանքներին։ 1910-1922 թվականներին Ադանայում հրատարակվել են «Ադանա» հայատառ թուրթերեն եռօրյա թերթը, «Արձագանք Կիլիկիա», «Կիլիկիա», «Հայ ձայն», «Տավրոս», «Քաղաքացի», «Ազատ Տավրոս», «Արարատ», «Նոր աշխարհ», «Կիլիկյան սուրհանդակ», «Նոր սերունդ» հայկական թերթերը։ Կիլիկիան քեմալական Թուրքիային հանձնելուց և անգլո-ֆրանսիական զորքերի հեռանալուց հետո, 1922-1923 թվականներին Ադանայի հայերը թողեցին քաղաքը[4]։
Քաղաք | ||
---|---|---|
Ադանա | ||
թուրքերեն՝ Adana | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | ԱդանայիԱդանայի մարզ|Ադանայի | |
Մակերես | 13 844 կմ² | |
ԲԾՄ | 23±1 մետր | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | ▲1 810 646 մարդ (դեկտեմբերի 31, 2022) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0322 | |
Փոստային դասիչ | 01000–01999 | |
Ավտոմոբիլային կոդ | 01 | |
Պաշտոնական կայք | adana.bel.tr(թուրքերեն) | |
| ||