Ալեքսանդր Մակեդոնացի
Հույն զորավար, Հին Մակեդոնիայի արքաներից ամենազորեղ, Ասիայի տիրակալ / From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Մակեդոնացի[Ն 1] (հին հունարեն՝ Ἀλέξανδρος[Ն 2] Γ' ὁ Μέγας, լատին․՝ Alexander III Magnus, հուլիսի 20, մ. թ. ա. 356[5], Պելա, Հին Մակեդոնիա[6] - հունիսի 10, մ. թ. ա. 323, Բաբելոն, Մակեդոնական կայսրություն), հինաշխարհյան արքա Արգեադոսների հունամակեդոնական հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 336-323 թվականներին։ Ստեղծել է նոր տեսակի աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայան լեռներ։ Արևելյան ավանդույթներում նույնացվում է առասպելական Զուլ ալ-Կարնայն թագավորի հետ, որը հիշատակված է անգամ իսլամի սուրբ գրքում՝ Ղուրանում։ Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը[7], որն առանց բացառությունների հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն գրեթե միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամիների հետ[8]։
Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի դավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։ Գավգամելայի ճակատամարտի հաղթական ավարտից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավել պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը և գահընկեց անել «արքայից արքա» տիտղոսով հռչակված Դարեհ Կոդոմանոսին։ Արյաց երկրի բռնազավթումից հետո Ալեքսանդրն իրեն հռչակում է «Ասիայի տիրակալ»։ Եգիպտոսի նվաճումից հետո տեղի քրմերի կողմից վերջինս մկրտվում է փարավոն և Նեղոսի դելտայում հիմնում իր անունը կրող առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։ Համակվելով ամբողջ աշխարհին և «Համաշխարհային օվկիանոսին» տիրելու ձգտումով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թվականին արշավում է դեպի Հնդկաստան և գրավում Փանջաբն ու Ռաջաստանը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով արքան ստիպված է լինում դադարեցնել հետագա առաջխաղացումն ու վերադառնալ Միջագետք։
Ալեքսանդրն իր մահկանացուն կնքում է մ․թ․ա․ 323 թվականին Բաբելոնում՝ անավարտ թողնելով ծրագրված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևում են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվում է երեք խոշոր հելլենիստական պետությունների։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորականները՝ դիադոքոսները։
Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար նա հիմնել է շուրջ 70 քաղաք-գաղութներ։ Նրա ռազմաքաղաքական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տեսակի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվում էին հելլենիստական մշակույթի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դառնում է անդառնալի՝ հետագայում ձևավորելով Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի, իսկ նրա ռազմավարական հմտությունները մինչ օրս գործնական նշանակություն ունեն։