Աղմուկ ականջներում
From Wikipedia, the free encyclopedia
Աղմուկ ականջներում ՝ տինիտուս (լատ.՝ Tinnitus), աղմուկի կամ խշշոցի զգացում ականջներում բացարձակ լռության պայմաններում[1]։ Հաճախ այն լինում է զնգոցի նման, սակայն կարող է լսվել նաև որպես չխկոց, ֆշշոց, երբեմն ոչ հստակ աղմուկի կամ երաժշտության նման[2][3]։ Աղմուկը կարող է նկարագրվել որպես կոպիտ կամ մեղմ, լինել բարձր և ցածր տոնայնության, լինել միակողմանի կամ երկկողմանի[2]։ Հաճախ այն առաջանում է աստիճանաբար, ժամանակի ընթացքում դառնալով ավելի արտահայտված[3]։ Որոշ մարդկանց մոտ տինիտուսը պատճառ է դառնում դեպրեսիայի, տագնապի և խանգարում մտավոր աշխատանքին[2]։
Աղմուկ ականջներում | |
---|---|
Տինիտուսը հաճախ նկարագրվում է որպես զնգոց։ | |
Տեսակ | առողջական խնդիր և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-9 | 388.3 |
ՀՄԴ-10 | H93.1 |
Tinnitus Վիքիպահեստում |
Տինիտուսը ոչ թե հիվանդություն է, այլ ախտանիշ, որը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով[2]։ Ամենահաճախ հանդիպող պատճառն է խիստ բարձր աղմուկով հարուցված խլությունը[2]։ Այլ պատճառները ներառում են ականջի ինֆեկցիան, սիրտ-անոթային հիվանդությունները, Մենյերի հիվանդությունը, գլխուղեղի ուռուցքը, հոգեբանական սթրեսը, որոշ դեղորայքներ, նախկինում տարած գանգուղեղային վնասվածքը, ականջի ծծմբախցանը[2][4]։ Այն ավելի տարածված է դեպրեսիա ունեցող անձանց շրջանում[3]։
Ախտորոշումը դրվում է հիվանդի նկարագրության հիման վրա[3]։ Հատուկ հարցաշարերի միջոցով պարզվում է թե աղմուկը որքան է խանգարում անձին[3]։ Ախտորոշմանը օգնում է լսագրությունը և նյարդաբանական հետազոտությունը[1][3]։ Հետազոտության դեպքում խնդիրներ հայտնաբերելու դեպքում կատարվում է գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն[3]։ Երբ աղմուկը համապատասխանում է սրտի ռիթմին, ապա նշանակվում են հավելյալ հետազոտություններ[3]։ Հազվադեպ ստետոսկոպի միջոցով հնարավոր է լինում լսել աղմուկը, այդ դեպքում այն կոչվում է օբյեկտիվ (իրական, գոյություն ունեցող) տինիտուս[3]։ Սպոնտան օտոաուստիկ ձայնը նույնպես կարող է պատճառ դառնալ տինիտուսի[5]։
Կանխարգելումը կատարվում է խիստ բարձր ձայներից խուսափելով[2]։ Եթե աղմուկը երկրորդային է և հնարավոր է լինում բուժել պատճառը, այդ դեպքերում հաճախ աղմուկը անհետանում է[6]։ Այլ դեպքերում բուժումը ներառում է հոգեթերապիան[3]։ Լսողական որոշ սարքավորումներ նույնպես կարող են արդյունավետ լինել[2]։ 2013 թվականի դրությամբ արդյունավետ դեղամիջոց հայտնաբերված չէ[3]։ Տինիտուսը բավականին տարածված է, այն հանդիպում է 15-20% հաճախականությամբ[6]։ Դեպքերի մեծամասնությունում այն տանելի է և չի խանգարում առօրյա կյանքին[6], միայն 1-2% դեպքերում այն ունի նշանակալի ազդեցություն կյանքի որակի վրա[3]։