Ամպերի հետևում (անիմե)
From Wikipedia, the free encyclopedia
Ամպերներից այն կողմ (ճապ.՝ 雲のむこう、約束の場所 Քումո նո Մուկո, Յաքուսոկու նո Բաշո, Ամպերից այն կողմ, Խոստացված վայրը), լիամետրաժ անիմե ֆիլմ, որի հեղինակն է Մակոտո Շինկայը։ Սա նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է, նկարված գիտական ֆանտաստիկայի ժանրում` սիրային դրամայի էլեմենտներով։ Նկարահանվել է CoMix Wave Inc. ստուդիայի հետ համատեղ։
Ամպերից այն կողմ 雲のむこう、約束の場所 | |
---|---|
Ժանր | Ռազմական Դրամա Գիտական ֆանտաստիկա Ռոմանտիկա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2004 թվական |
Պրեմիերա | 20 նոյեմբերի, 2004 թվական |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Մակոտո Շինկայ |
Պրոդյուսեր | Մակոտո Շինկայ |
Սցենարիստ(ներ) | Մակոտո Շինկայ |
Երաժշտություն | Թեմմոն |
Ընկերություն | CoMix Wave Inc. |
Տևողություն | 91 րոպե |
IMDb | ID 0381348 |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի թողարկում «Ամպերից այն կողմ» (բնօրինակ անվանում — 雲のむこう、約束の場所) |
Ֆիլմի ճապոներեն թողարկումը կայացել է 2004 թվականին։ 2006 թվականին ֆիլմը թողարկվել է DVD- ով XL Media ընկերությունում, «Ամպերներից այն կողմ. Պատանեկության օրերի խոստումը» վերնագրով։ 2005-ին այն ստացել է Լավագույն մուլտիպլիկացիոն աշխատանք մրցանակը Mainichi Film Concours մրցանակաբաշխության ժամանակ։
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` Շինկայը կրկին աշխատանքի մեծ մասն իր ուսերին վերցրեց` հասցնելով օժանդակ անձնակազմի թիվը նվազագույնի։ Այս անգամ նա հանդես եկավ իբրև սցենարիստ, ռեժիսոր և նկարիչ-մուլտիպլիկատոր` զուգահեռ զբաղվելով նաև կազմակերպչական հարցերով։ Այնուամենայնիվ, այս անգամ էլ ծրագրին մասնակից դարձան նաև կողմնակի ուժեր։ Այսպես, հերոսների` իրենց բաղձալի երազանքն ի կատար ածել ցանկացող ճապոնացի դպրոցականների դիզայնը մտածել է հայտնի նկարիչ-նկարազարդող Ուշիո Տաձավեն, իսկ դպրոցականների կողմից պատրաստված ինքնաթիռի տեսքը մշակվել է 3D-մոդելավորող Կաձունորի Տակադան։
Քրտնաջան աշխատանքի արդյունքը յուրօրինակ անիմացիան է, որ դիպչում է մարդկային հոգու ամենաթաքուն լարերին։ Ֆիլմը դեռահասների փոխհարաբերությունների, նրանց սիրո և ընկերության մասին է, որ բարդ քաղաքական պայմաններում աչքի է ընկնում անկեղծությամբ և ինքնատիպ կատարմամբ։ Այս անիմեում Մակոտո Շինկայը զարգացնում է նկարահանման այն ուղղություններն ու ավանդույթները, որ ձևավորել էր իր նախկին կարճամետրաժ ֆիլմերում, ինչպես, օրինակ, «Հեռավոր աստղի ձայնը» և «Ժպիտ» անիմեներն են։ Սակայն, միևնույն ժամանակ, «Ամպերից այն կողմ»-ը հանդիսատեսի դատին է հանձնում անսովոր և հուզիչ սյուժե` դրանով իսկ հրավիրելով նրան ուշադիր դիտելու և իմաստավորելու այն։
Տեխնիկական առումով ֆիլմը կրկին տարբերվում է տվյալ ժանրի այլ գործերից։ Մանրակրկտորեն նկարված են բոլոր դետալները, նուրբ երանգները, աննկարագրելի գեղեցկության համայնապատկերները, որոնց վրայով հաճախ սահում են ամպերը․ այս ամենը դառնում է չիրականացած երազանքների խորհրդանիշ։ Լույսի ու խավարի խաղը այն աստիճան է ապշեցնում, որ թվում է, թե ինքդ հայտնվել ես կանաչազարդ դաշտերում և վազում ես երկնքում սավառնող հրթիռների ներքո։
Երիտասարդ մուլտիպլիկատորի տաղանդը բարձր է գնահատվում կինեմատոգրաֆիստների շրջանում. ֆիլմը մասնակցում է մի շարք մրցույթների և փառատոնների։ Սակայն ամենակարևոր մրցանակը, անշուշտ, հազարավոր երկրպագուների սերը և ճանաչումն են։ Անգամ պրեմիերայից մեկ տասնամյակ անց ֆիլմը շարունակում է գրավել բարձրորակ անիմացիան նախընտրողներին իր յուրօրինակությամբ և հիանալի կատարողականությամբ։
«Ամպերից այն կողմ»-ը շատ գեղեցիկ և տխուր ֆիլմ է։ Այն ցույց է տալիս աշխարհի փխրունությունը, ստիպում է մտածել հարազատ մարդկանց մասին, հիշել սեփական Երազանքը, որը միգուցե դեռ ուշ չէ ի կատար ածել։ Աշտարակի կործանումը, ինչպես տարիներ շարունակ սրտումդ պահած երազանքի կործանումը, Մակոտո Շինկայի այլաբանությունն է, որ յուրաքանչյուրը կարող է իրեն վերագրել։ Միևնույն ժամանակ դա նուրբ ու զրնգուն աշխարհը փրկելու հույս է։