Անգիտակցական
From Wikipedia, the free encyclopedia
Անգիտակցական կամ չգիտակցված, հոգեկան գործընթացների և երևույթների համախումբ, որը դուրս է սուբյեկտի (մարդու) գիտակցության ոլորտից, այսինքն` չի ղեկավարվում գիտակցության կողմից[1]։ «Անգիտակցական» տերմինը կիրառվում է փիլիսոփայության, հոգեբանության, հոգեվերլուծության, հոգեբուժության, հոգեֆիզիոլոգիայի մեջ, իրավագիտության մեջ, արվեստաբանության և այլ բնագավառներում։ Հոգեբանության մեջ անգիտակցականը հակադրվում է գիտակցականին, սակայն հոգեվերլուծության շրջանակներում անգիտակցականն ու գիտակցականը տարբեր հարթությունների վրա են դիտարկվում։
Տերմինի հեղինակը 18-րդ դարի գերմանացի ռոմանտիկ փիլիսոփա Ֆրիդրիխ Շելինգն է և այնուհետև բանաստեղծ և էսսեիստ Սամուել Թեյլոր Քոլիրջինի կողմից ներդրվել է անգլերենի մեջ[2][3]։
Էմպիրիկ ապացույցները ենթադրում են, որ անգիտակից երևույթները ներառում են ճնշված զգացմունքներ, ավտոմատ հմտություններ, ենթագիտակցական ընկալումներ, մտքեր, սովորություններ և ավտոմատ ռեակցիաներ[1] և, հնարավոր է, նաև բարդույթներ, թաքնված ֆոբիաներ և ցանկություններ։
Հայեցակարգը հանրաճանաչ է դարձել ավստրիացի նյարդաբան և հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի շնորհիվ։ Հոգեվերլուծության մեջ անգիտակցական գործընթացները արտահայտվում են երազների մեջ, ինչպես նաև լեզվի սայթաքումներում[4] և կատակներում։