Ապոկալիպսիսը հիմա
From Wikipedia, the free encyclopedia
«Ապոկալիպսիսը հիմա»(անգլ.՝ Apocalypse Now), ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, մյուս անվանումն է «Մեր ժամանակվա ապոկալիպսիսը»։ «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը պատմում է Վիետնամի պատերազմի մասին։ Ներկա ֆիլմի սցենարը գրել է հենց ինքը՝ Կոպպոլան, բայց սկզբնական սցենարի հեղինակը Ջոն Միլիուսն է, որը հիմնվել է Ջոզեֆ Կոնրադի «Մթության սիրտը» (1902 թվական) պատմվածքի վրա։ Ֆիլմը ստացել է երկու «Օսկար»՝ լավագույն օպերատորական աշխատանք և լավագույն ձայն, իսկ Կաննում կիսել է «Ոսկե արմավենին» Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկ» ֆիլմի հետ։ «Ես համոզված եմ, որ ստեղծել եմ արվեստի գլուխգործոց, և չէի կարող անել դա ավելի լավ»,- ասում էր Կոպպոլան իր ֆիլմի մասին։ Ֆիլմը պատմում է հատուկ նշանակման ջոկատի կապիտան Ուիլարդի մասին, որը ուղարկվել էր Կամբոջա՝ վնասազերծելու խենթացած հրամանատար Կուրցին, որը մեղադրվում էր մի քանի վիետնամցիների սպանության մեջ։ Ճանապարհորդության ընթացքում Ուիլարդը հանդիպում է տարբեր խնդիրների, որոնք հանգեցնում են նրան, որ նա կորցնում է իրականության զգացումը և չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը և ինչ պետք է անի ինքը։ Շատ կինոքննադատներ ասում են, որ ֆիլմը, ինչպես վեպը, տանում է դիտորդին մարդու դաժան ներաշխարհը, որը թաքնված է սովորական հայացքից, իսկ պատերազմը ուղղակի պատճառ է նման երևույթների արտահայտման համար։
Ֆիլմը մինչև ամբողջությամբ պատրաստ լինելն արդեն հայտնի էր մամուլում։ Պատճառը բարդ տեսարաններն էին, որոնք դժվար էր նկարահանել։ Կոպպոլայի կինը՝ Էլեոնոր Կոպպոլան, մասնակցում էր նկարահանմանը, իսկ ավելի ուշ գրեց գիրք, որտեղ պատմում էր նկարահանման մասին։ Էլեոնորը նաև մասնակցում էր «Մթության սիրտը՝ կինեմատոգրաֆիստի ապոկալիպսիսը» վավերագրական ֆիլմի ստեղծմանը։