Աստերոիդների դաս V
From Wikipedia, the free encyclopedia
Աստերոիդների դաս V, դա աստերոիդների դաս է, որի ամենախոշոր և ամենատիպիկ ներկայացուցիչն է (4) Վեստան։ Այս աստերոիդի առաջին տառից էլ այս դասի անվանումն է։
Այս դասի աստերոիդների գերակշիռ մասը գտնվում են մոտ ուղեծրերի վրա, ունեն նման էքսցենտրիսիտետներ և թեքում, որոնք մոտ են (4) Վեստա աստերոիդին։ V դասի աստերոիդները գտնվում են մի կողմից 2,18 ա. մ. մեծ կիսաառանցքով, մյուսից ռեզոնանսային 2,5 ա. մ. ուղեծրով սահմանափակված տիրույթում։ Այս ուղեծիրը հանդիսանում է Կիրկվուդի ճեղքերից մեկը, որը աստերոիդների համար արգելված գոտի է հանդիսանում։ Տվյալ պարագայում այս ուղեծրերի վրա գտնվող մարմինները գտնվում են Յուպիտեր մոլորակի հետ 3:1 ուղեծրային ռեզոնանսի մեջ։
Այս ամենը նշանակում է, որ այս աստերոիդների մեծ մասը, կամ նույնիսկ բոլորը հանդիսանում էին ինչ-որ ժամանակ Վեստայի կեղևի մասեր և անջատվել են նրանից ինչ-որ մեծ մարմնի հետ ընդհարման հետևանքով։ Վեստայի հարավային կիսագնդում գտնվող հսկայական խառնարանը հավանաբար հանդիսանում է այդ ընդհարման տեղը[1]։ Ենթադրվում է, որ այս ընդհարման հետևանքով Վեստայից անջատվել է նրա նախնական ծավալի 1 %։
V դասի աստերոիդները չափավոր պայծառ են և բավականին մոտ են ավելի ընդհանուր S դասին, որոնք նույնպես հիմնականում կազմված են քարից, սիլիկատներից և երկաթից (խոնդրիտներ), սակայն ի տարբերություն S դասին նրանց մեջ ավելի մեծ է պիրոքսենի պարունակությունը։
Այս դասի աստերոիդների սպեկտրերում գոյություն ունեն ուժեղ կլանման գծեր ալիքի 0,75 մկմ երկարության վրա, իսկ այիքի 0,7 մկմ երկարության վրա դիտարկվում է սպեկտրի կարմրում[2]։ Ալիքի տեսանելի սպեկտրի երկարություններում այս աստերոիդները նմանություն ունեն ախոնդրիտային երկնաքարերի հետ, որոնք, հավանաբար նույնպես անջատվել են Վեստայից։
Այն աստերոիդների սպեկտրերը, որոնք ձևավորվել են Վեստայի ներքին մասերից ալիքի 1 մկմ երկարության ժամանակ նմանություն ունեն դիոգենիտային երկնաքարերի հետ[3], այդ պատճառով այսպիսի մարմինները առանձնացվել են առանձին J դասի մեջ։
V դասի աստերոիդների մեծամասնությունը պատկանում է Վեստայի ընտանիքին, սակայն ոչ բոլորը։ Կան աստերոիդներ, որոնց ուղեծրերը հատում են Մարսի ((9969) Բրայլ) և նույնիսկ Երկրի ((3908) Նիքս) ուղեծրերը։
Գոյություն ունեն նաև V դասի աստերոիդների փոքր խմբեր Վեստայի ընտանիքի մոտակայքում կամ բավականին հեռու, որոնք ոչ մի կապ չունեն այս ընտանիքի հետ[4]։