Աստղաֆիզիկա
From Wikipedia, the free encyclopedia
Աստղաֆիզիկա, աստղագիտության բաժին. ուսումնասիրում է երկնային մարմիններում, նրանց համակարգերում և տիեզերական տարածությունում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները (ինչպես նաև քիմիական պրոցեսները)։ Աստղաֆիզիկան ընդգրկում է Տիեզերքում տեղի ունեցող ֆիզիկական երևույթներին վերաբերող տեղեկությունների ստացման մեթոդների մշակումը, այդ տեղեկությունների կուտակումը, նրանց գիտական մշակումը և տեսական ընդհանրացումը։ Տեսական աստղաֆիզիկան, որի խնդիրն է դիտողական աստղաֆիզիկայի ստացած փաստական տվյալների ընդհանրացումը և բացատրումը, օգտվում է տեսական ֆիզիկայի օրենքներից ու մեթոդներից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաֆիզիկա (այլ կիրառումներ)
Դիտողական աստղաֆիզիկայի մեթոդների համախմբությունը հաճախ անվանում են գործնական աստղաֆիզիկա։ Ի տարբերություն ֆիզիկայի, որի հիմքում ընկած է երևույթի ընթանալու պայմանները կամայականորեն փոփոխելու հնարավորություն տվող փորձը, աստղաֆիզիկան հիմնվում է գլխավորապես դիտումների վրա, որի ժամանակ հետազոտողը հնարավորություն չունի փոխել ֆիզիկական պրոցեսի ընթացքը։ Սակայն այս կամ այն երևույթը ուսումնասիրելիս, սովորաբար, հնարավորություն է ընձեռվում այն դիտել երկնային շատ օբյեկտների վրա և տարբեր պայմաններում, այնպես որ, վերջին հաշվով, աստղաֆիզիկան գտնվում է ոչ պակաս բարենպաստ պայմաններում, քան փորձառական ֆիզիկան։ Շատ դեպքերում երկնային մարմիններում և համակարգերում նյութը գտնվում է այնպիսի պայմաններում (գերբարձր կամ գերցածր խտություններ, բարձր ջերմաստիճաններ և այլն), որոնք խիստ տարբերվում են ժամանակակից ֆիզիկական լաբորատորիաների համար մատչելի պայմաններից։ Դրա շնորհիվ աստղաֆիզիկական հետազոտությունները հաճախ հանգեցնում են ֆիզիկական նոր օրինաչափությունների բացահայտման։ Ըստ երկու հատկանիշի (դիտման մեթոդներ և դիտվող օբյեկտներ), դիտողական աստղաֆիզիկան պատմականորեն բաժանվել է առանձին մասնաճյուղերի։
Տարբեր մեթոդների են նվիրված այնպիսի մասնաճյուղեր, ինչպիսիք են աստղալուսաչափությունը, աստղասպեկտրոսկոպիան, աստղասպեկտրալուսաչափությունը, աստղաբևեռաչափությունը, աստղագունաչափությունը, ռենտգենյան աստղագիտությունը և այլն։
Ըստ դիտարկվող օբյեկտների, առանձնացված մասնաճյուղերի օրինակ կարող են ծառայել Արեգակի ֆիզիկան, մոլորակների ֆիզիկան, գալակտիկական միգամածությունների ֆիզիկան, աստղերի ֆիզիկան և այլն։ Տիեզերական թռիչքների տեխնիկայի զարգացմանը զուգընթաց աստղաֆիզիկական հետազոտություններում մեծ դեր է խաղում Երկրի արհեստական արբանյակներում և տիեզերական զոնդերում զետեղված գործիքների օգնությամբ կատարված դիտումների վրա հենվող արտամթնոլորտային աստղագիտությունը։ Տիեզերագնացության զարգացմամբ հնարավորություն ստեղծվեց այդպիսի գործիքներ տեղակայել նաև այլ երկնային մարմինների (առաջին հերթին՝ Լուսնի) վրա։ Դրա հիման վրա էլ ենթադրվում է փորձառական աստղագիտության զարգացումը։ Դիտողական և փորձառական աստղադիտությունների սահմանագծում են գտնվում ինչպես ռադիոաստղագիտությունը (աստերոիդների, Լուսնի, Երկրին մոտ մոլորակների ռադիոլոկացիան), այնպես էլ լազերային աստղագիտությունը, որը երկնային մարմինների վերաբերյալ տեղեկություններ է ստանում (որոնք օգտագործվում են աստղաֆիզիկայում) էլեկտրամագնիսական ալիքների փնջով այդ մարմիններր արհեստականորեն լուսավորելու միջոցով։