Ֆիզիկա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիզիկա (հին հունարեն՝ φυσική (ἐπιστήμη), phusikḗ (epistḗmē) — «բնության գիտություն», φύσις phúsis "բնություն"[1][2]․ հնում՝ բնագիտություն), գիտություն, որն ուսումնասիրում է բնության հիմնարար օրենքները, փորձում է բացատրել դրանց տարբեր դրսևորումները։ Ֆիզիկայի առաջնային խնդիրը տիեզերքի տարրական բաղկացուցիչ մասնիկների և նրանց փոխազդեցության բնութագրումն է, ինչպես նաև այդ հիմնարար սկզբունքների հիման վրա այլ ֆիզիկական համակարգերի վերլուծությունը։ Այլ կերպ ասած, ֆիզիկան ուսումնասիրում է մատերիան[3] և նրա շարժումը տարածության և ժամանակի միջով՝ մեկտեղելով դրանց հետ կապված էներգիայի և ուժի հասկացությունները։
Ֆիզիկան ամենաառաջին ակադեմիական դիսցիպլիններից է, հավանաբար ամենահինը՝ ներառելով իր մեջ աստղագիտությունը[4]։ Վերջին երկու հազարամյակի ընթացքում ֆիզիկան քիմիայի, մաթեմատիկայի որոշ ճյուղերի և կենսաբանության հետ բնափիլիսոփայության կազմում էր, սակայն 17-րդ դարի գիտական հեղափոխության արդյունքում այն վերածվեց ինքնուրույն հետազոտական գիտության։ Ֆիզիկայի հետազոտությունների դաշտը հատվում է այնպիսի միջդիսցիպլինար գիտությունների հետ, ինչպես կենսաֆիզիկան և քվանտային քիմիան, և նրա սահմանները խստորեն որոշված չեն։ Ֆիզիկայի նոր գաղափարները հաճախ բացատրություն են տալիս այլ գիտությունների հիմնարար մեխանիզմներին[5], միաժամանակ հետազոտությունների նոր դաշտ են բացում մաթեմատիկայում և փիլիսոփայությունում։