Գերմանական Վերածնունդ
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական Վերածնունդ, Հյուսիսային Վերածննդի ժամանակ տարածված մշակութային ու գեղարվեստական շարժումներից, որը 15-16-րդ դարերում լայն տարածում է գտել գերմանացի մտածողների շրջանում։ Այն սկիզբ է առել Իտալական Վերածննդի ազդեցության ներքո։ Գերմանական մի շարք նահանգներում և իշխանություններում Վերածննդի հումանիզմի տարածումը մեծ ազդեցություն է ունեցել արվեստի և գիտության ճյուղերի զարգացման վրա։ Մեծ առաջընթաց գրանցվեց ճարտարապետության, արվեստի, գիտության զանազան բնագավառներում։ Գերմանիայում տեղի ունեցած երկու կարևոր իրադարձությունները՝ տպագրահաստոցի ստեղծումն ու ռեֆորմացիայի հաստատումը, 16-րդ դարում լայն տարածում գտան ողջ Եվրոպայում։
Ամենաազդեցիկ գերմանացի հումանիստներից մեկն էր Կոնրադ Կելտիսը (1459–1508): Նա կրթություն է ստացել Քյոլնում և Հայդելբերգում, հետագայում ճանապարհորդել է Իտալիայով մեկ՝ լատինական և գերմանական ծագման ձեռագրերի հետքերով։ Մեծապես ոգեշնչվելով Կոռնելիոս Տակիտոսից՝ Ցելտիսը վերջինիս «Գերմանիա» աշխատության շնորհիվ ներկայացրել է Գերմանիայի պատմությունն ու աշխարհագրությունը։ Հարկ է նշել, որ նա իրեն գտել է նաև պոեզիայում և իր ստեղծագործություններում լատիներենով գովաբանել է Գերմանիան։ Մեկ այլ կարևոր դեմք էր Հովհաննես Ռեյքլինը (1455–1522), որը սովորել է Իտալիայի տարբեր շրջաններում՝ հետագայում դասավանդելով հունարեն։ Նա ուսումնասիրել է եբրայերեն՝ մաքրազերծելու քրիստոնեությունը, բայց հանդիպել է եկեղեցու դիմադրությանը։
Գերմանական Վերածննդի ժամանակաշրջանի մեծագույն վարպետներից է Ալբերխտ Դյուրերը, որը հայտնի է փայտի վրա փորագրություն անելու արվեստով։ Այն հետագայում լայն տարածում է գտել Եվրոպայում։ Այս ժամանակաշրջանի կարևոր ճարտարապետական ձեռքբերումներ են համարվում Լանդսհուտի հերցոգների համար կառուցված բնակավայրը, Հայդլբերգի ամրոցը, Աուգսբուրգի քաղաքային խորհրդարանը, ինչպես նաև Մյունխենի Մյունխենյան բնակավայրում գտնվող հնագիտական կենտրոնը, որը Վերածննդի ժամանակաշրջանին պատկանող ամենամեծ սրահն է Ալպերի հյուսիսում[1]։