Գրպանային գրող
From Wikipedia, the free encyclopedia
Գրպանային գրող, գրպանային հեղինակ, ուրվական գրող կամ գրական նեգր, ստեղծագործության վարձու հեղինակ` գրական կամ լրագրողական աշխատանքներ կամ ելույթներ, տարբեր տեքստեր կամ նյութեր գրելու համար, որոնք պաշտոնապես վերագրվում են մեկ այլ անձի՝ որպես հեղինակի։
Հանրահայտ մարդիկ, ղեկավարները, ընթացիկ նորությունների մաս կազմողները և քաղաքական առաջնորդները հաճախ վարձում են գրպանային գրողներ` ինքնակենսագրական նյութեր, հուշագրություններ, ամսագրերի հոդվածներ և տպագիր այլ նյութեր գրելու կամ խմբագրելու համար։ Երաժշտության մեջ գրպանային գրողները հաճախ ծառայում են երգեր, երգերի տեքստեր և գործիքային պիեսներ գրելուն։ Սցենարի հեղինակները նույնպես օգտվում են գրպանային գրողների ծառայություններից` իրենց սցենարները խմբագրելու կամ թարմացնելու նպատակով[2]։
Սովորաբար գոյություն ունի գաղտնիության մասին դրույթ` գրպանային գրողի և հեղինակային իրավունքի տիրոջ միջև, որը պարտադրում է իրական հեղինակին անանուն մնալ։ Երբեմն հեղինակը կամ հրատարակիչը նշում են գրպանային գրողի մատուցած ծառայությունների մասին` էֆեմիստորեն նրան անվանելով «հետազոտող» կամ «գիտաշխատող», բայց հաճախ որպես հեղինակ չի նշվում։
«Գրպանային» ծառայություններ հաճախ տեղի են ունենում նաև ստեղծագործական այլ ոլորտներում։ Կոմպոզիտորներն ավելի վաղ են վարձել գրպանային ծառայություններ մատուցողների, ովքեր օգնել են նրանց գրել ստեղծագործություններ և երգեր։ Մոցարտն, օրինակ, հայտնի կոմպոզիտոր է, ում վճարել են հարուստ հովանավորները՝ իրենց համար երաժշտություն գրելու համար։ Գրպանային ծառայությունը լայնորեն տարածված է նաև փոփ երաժշտության մեջ։ Փոփ երաժշտության հեղինակները գրում են տեքստեր և մեղեդիներ, որոնք համապատասխանում են տվյալ երաժշտի ոճին։ Հիփ-հոփ երաժշտության մեջ հայտնի հիփ-հոփ աստղերի կողմից գրպանային ծառայությունների լայնորեն օգտագործումը հանգեցրել է վեճերի[3]։ Կերպարվեստում դա հազվադեպ չէ, ինչպես և գեղարվեստի (fine art) ցանկացած այլ տեսակում և կոմերցիոն արվեստում, երբ որևէ կոմիքսի վրա աշխատում են օգնականներ, իսկ վերջնական աշխատանքը վերագրվում է մեկ արվեստագետի։ Սակայն երբ աշխատանքը գրողին վարկանիշ է բերում, նրանց ներդրումը հանդիսանում է հանրային սեփականություն, և գրողը չի դիտարկվում որպես գրպանային գրող։