Ընտելացում
From Wikipedia, the free encyclopedia
Ընտելացում կամ տնայնացում (լատին․՝ domesticus - «տնային» կամ ընտանի)[1], վայրի կենդանիների կամ բույսերի ավելի կանխատեսելի և անհրաժեշտ հատկանիշներով տեսակներ ստանալու նպատակով դրանց սերունդների բազմաբնույթ փոփոխությունների գործընթաց, որի դեպքում բազմաթիվ սերունդներ իրենց վայրի տեսակներից գենետիկորեն մեկուսացված են պահվում և վերարտադրության և խնամքի վրա ազդելով՝ արհեստական ընտրության են ենթարկվում մարդու կողմից[2]։
Դարվինը նկատել է որոշ հատկանիշներ, որոնցով տնային կենդանիները տարբերվում էին իրենց վայրի նախնիներից։ Նա նաև առաջինն է նկատել էվոլյուցիայում գիտակցված ընտրասերման (որտեղ մարդիկ ուղղակիորեն ընտրում են ցանկալի հատկանիշներով տեսակներ) և անգիտակից ընտրասերման (որտեղ հատկությունները զարգանում են որպես բնական ընտրության կողմնակի արդյունք կամ այլ հատկանիշների ընտրությունից) միջև տարբերությունը[3][4][5]։ Ընտանի և վայրի պոպուլյացիաների միջև գոյություն ունեն գենետիկ տարբերություններ։ Նույնպիսի տարբերություններ գոյություն ունեն ընտելացվածների հատկանիշների (որ գիտնականները կարծում են, որ կարևոր են եղել ընտելացման սկզբնական փուլում) և բարելավվածների հատկանիշների միջև, որոնք ի հայտ են եկել վայրի և ընտանի պոպուլյացիաների բաժանումից սկսած[6][7]։ Ընտելացված հատկանիշները հիմնականում ֆիքսված են բոլոր ընտելացվածների մոտ և սելեկցիայի են ենթարկվել այդ կենդանու կամ բույսի ընտելացնելու սկզբնական փուլում, մինչդեռ, կատարելագործված առանձնահատկություններն առկա են միայն ընտելացվածների ինչ-որ խմբի մոտ, թեև դրանք կարող են առկա լինել նաև առանձին ցեղատեսակների կամ տարածաշրջանային պոպուլյացիաների մոտ[6][7]։
Շունը եղել է ողնաշարավոր կենդանիներից առաջինը, որն ընտելացվել[8][9] և հաստատվել է Եվրասիայում նախքան վերին պլեյստոցեն դարաշրջանի ավարտը, շատ ավելի վաղ, քան այլ կենդանիների կուլտիվացումը և ընտելացումը[9]։ Հնագիտական և գենետիկական տվյալները ցույց են տալիս, որ վայրի և ընտանի տեսակների, այդ թվում՝ էշերի, ձիերի, ուղտերի, այծերի, ոչխարների և խոզերի միջև գեների երկկողմանի, երկարատև հոսքը, տարածված էր[6][10]։
Հաշվի առնելով կարևորությունը մարդկանց համար և նշանակությունը` որպես էվոլյուցիոն և ժողովրդագրական փոփոխության մոդել, ընտելացումը ներգրավել է գիտնականներ հնագիտության, պալեոնտոլոգիայի, անտրոպոլոգիայի, բուսաբանության, կենդանաբանության, գենետիկայի և բնապահպանական գիտությունների բնագավառներից[11]։ Թռչնատեսակներից հիմնական խոշոր ընտանի թռչունը հավն է, որը կարևոր է միս և ձու ստանալու համար, չնայած տնտեսապես արժեքավոր թռչնատեսակներից են հնդկահավը, խայտահավը և բազմաթիվ այլ տեսակներ։ Թռչուններից նաև լայնորեն ընտելացված են նաև վանդակային թռչունները, երգեցիկներից մինչև թութակներ։ Ամենատարածված ընտելացված անողնաշարավորներից են տնային մեղրատու մեղուն և մետաքսագործ շերամը։ Ցամաքային խխունջներն աճեցվում են սննդի համար, իսկ որոշ տեսակների տիպեր պահվում են հետազոտության համար, մյուսները` կենսաբանական պաշտպանության համար։
Բույսերի ընտելացումը սկսվել է առնվազն 12000 տարի առաջ․ առաջին ընտելացումներից է եղել հացահատիկինը, որն արվել է Միջին Արևելքում և շշադդումինը` Ասիայում։ Գյուղատնտեսությունը զարգացել է առնվազն աշխարհի 11 տարբեր կենտրոններում, որտեղ մշակել են տարբեր մշակաբույսեր և կենդանիներ։