Թալիբան
From Wikipedia, the free encyclopedia
Թալիբներ, Թալիբան (փուշթու՝ طالبان – մեդրեսեի սովորողներ, ուսանողներ), իսլամական շարժում, որ սկիզբ է առել Աֆղանստանում՝ պուշթունների շրջանում 1994 թվականին և ներկայումս փաստացի ղեկավարում է Աֆղանստանը։ Նաև ղեկավարել է Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստանի Իսլամական Էմիրություն»)։ Այդ շրջանում Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը դիվանագիտորեն ճանաչել էին երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը և Սաուդյան Արաբիան[32]։ 2016 թվականից Թալիբան շարժման առաջնորդն է Հայբաթուլլահ Ախունդզադան[33][34][35]։
Թալիբան փուշթու՝ طالبان | |
---|---|
Տեսակ | Ահաբեկչական կազմակերպություն, քաղաքական շարժում, զինված խմբավորում և կրոնական կազմակերպություն |
Էթնիկ կազմ | հիմնականում պուշթուններ[1][2], տաջիկներ հյուսիսային Աֆղանստանում[3] |
Գաղափարախոսություն | |
Հիմնադիր | Մուհամմադ Օմար և Աբդուլ Ղանի Բարադար |
Ղեկավար | Հայբաթուլա Ախունդզադա (գերագույն հրամանատար) Աբդուլ Ղանի Բարադար (համահիմնադիր) |
Ղեկավար կենտրոն | Աֆղանստան, Պակիստան և Կատար |
Առաջացման երկիր | Աֆղանստան |
Գործունեության տարածք | Աֆղանստան |
Ստեղծման տարեթիվ | 1994 |
Համախոհներ | |
Անդամների քանակ | |
Կայք | alemarahenglish.af |
Taliban Վիքիպահեստում |
«Թալիբան» շարժումը միջազգային մակարդակով դատապարտվել է իսլամական շարիաթի օրենքների իրենց մեկնաբանությունը խստորեն պահպանելու համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ աֆղանների նկատմամբ դաժան վերաբերմունքի[36][37]։ 1996-2001 թվականներին կառավարման ժամանակ թալիբները և նրանց դաշնակիցները զանգվածային սպանություններ են իրականացրել խաղաղ աֆղանների դեմ, մերժել ՄԱԿ-ի պարենի մատակարարումները 160 000 սովյալ քաղաքացիական անձանց համար, այրել բերրի հողերի հսկայական տարածքներ և ոչնչացրել տասնյակ հազարավոր տներ[38][39][40][41][42][43]։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ թալիբները և նրանց դաշնակիցները պատասխանատվություն են կրում 2010 թվականին Աֆղանստանի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի 76 տոկոսի, 2011 և 2012 թվականներին՝ 80 տոկոսի համար[44][45][46][47][48][49]։ Թալիբներն իրականացրել են նաև մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Բուդդայի բամիանական 1500-ամյա հայտնի արձանները[50][51][52][53]։
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականին[54]։
2021 թվականին ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրսբերմանը զուգահեռ՝ թալիբները գրավեցին նշանակալի տարածքներ Աֆղանստանի բոլոր երկրամասերում[55]։ 2021 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ՝ Աֆղանստանի տարածքի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը գտնվում է թալիբների վերահսկողության ներքո[55]։