Իրանական լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Իրանական լեզուներ, հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի լեզվախումբ։ Իրանական լեզուները տարածված են Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, առավելապես` Իրանական բարձրավանդակում։ Ներկայումս իրանական լեզուներից առավել տարածված են ժամանակակից պարսկերենը (կամ ֆարսին), քրդերենը, փուշթուն, բելուջերենը։
Տարբերում են հին (մինչև մ.թ.ա. IV-III դարեր), միջին (մ.թ.ա. III-ից մինչև մ.թ. VIII-IX դարեր) և նոր (սկսած մ.թ. VIII-IX դարերից) իրանական լեզուներ։ Հին իրանական լեզուներից են հին պարսկերենը` Աքեմենյան կայսրության լեզուն, մարերենը և Ավեստայի լեզուն, որը երբեմն կոչում են ավեստերեն։ Միջին իրանական լեզուներից են պարթևերենը, պահլավերենը կամ միջին պարսկերենը, սկյութերենը, սողդերենը, բակտրերենը և խորեզմերենը։ Նոր իրանական լեզուներից են բոլոր ժամանակակից իրանական լեզուները և մի շարք մեռած լեզուներ, որպես օրինակ` ազերին կամ ազարերենը և ալաներենը։