ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ տիեզերական ծրագիր, (ռուս.՝ Космическая программа СССР) ԽՍՀՄ ազգային տիեզերեկան ծրագիր, որը գործում էր 1950-ական թվականներից մինչև ԽՍՀՄ փլուզումը 1991 թվականին։
ԽՍՀՄ տիեզերական ծրագիր | |
---|---|
Космическая программа СССР | |
ԽՍՀՄ տիեզերագնաց Յուրի Գագարինը Շվեդիայում, առաջին մարդը տիեզերքում | |
Առաջին արձակում | «Սպուտնիկ 1» հոկտեմբերի 4, 1957 – հունվարի 4, 1958 |
Վերջին արձակում | դեկտեմբեր 1991 |
ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը գլխավորապես զբաղվում էր անձնակազմային տիեզերական թռիչքների ծրագրով և մեկանգամյա օգտագործման կրող հրթիռների մշակմամբ. սա բաժանված էր միմյանց հետ մրցակցող բազմաթիվ կոնստրուկտորական բյորոների միջև։ Իր 60-ամյա պատմության ընթացքում ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը անձնակազմային տիեզերական թռիչքների ոլորտում բազմաթիվ ձեռքբերումների է հասել, որոնց շարքին են պատկանում առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (Ռ-7), առաջին արբանյակը («Սպուտնիկ 1»), առաջին կենդանին Երկրի ուղեծրի վրա (Լայկա շունը «Սպուտնիկ 2»-ի վրա), առաջին մարդը տիեզերքում և Երկրի ուղեծրի վրա (Յուրի Գագարինը «Վոստոկ 1»-ի վրա), առաջին կինը տիեզերքում և Երկրի ուղեծրի վրա (Վալենտինա Տերեշկովա «Վոստոկ 6»-ի վրա), բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը (Ալեքսեյ Լեոնով «Վոսխոդ 2»-ի վրա), Լուսնի մակերևույթին հայտնված առաջին կայանը («Լունա 2»), Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարը («Լունա 3»), առանց անձնակազմի առաջին փափուկ վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա («Լունա 9» առաջին մոլորակագնացը («Լունոխոդ 1»), լուսնային հողի առաջին նմուշը, որն ինքնաշխատ կերպով վերցվել է և բերվել Երկիր («Լունա 16») և առաջին տիեզերական կայանը («Սալյուտ 1»)։ Նշանակալից մյուս ձեռքբերումները ներառում են միջմոլորակային առաջին կայանները․ «Վեներա 1»-ը և «Մարս 1»-ը համապատասխանաբար Վեներայի և Մարսի մոտ թռիչք կատարելու համար, «Վեներա 3»-ը և «Մարս 2»-ը համապատասխան մոլորակների մակերևույթին նստելու համար և «Վեներա 7»-ը ու «Մարս 3»-ը այդ մոլորակների վրա փափուկ վայրէջքներ կատարելու համար։
ԽՍՀՄ հրթիռային և տիեզերական ծրագիրը, որի վրա սկզբնապես աշխատում էին «Ֆաու-2» հրթիռային ծրագրի գիտնականները[1][2], 1955 թվականից ի վեր գլխավորապես իրականացվում էր ԽՍՀՄ ինժեներների և գիտնականների կողմից։ Այն հիմնված էր խորհրդային և Ռուսական կայսրության տեսական յուրահատուկ գաղափարների վրա, որոնցից շատերի հեղինակը Կոնստանտին Ցիոլկովսկին է, որին երբեմն անվանում են տեսական տիեզերագնացության նախահայր[3][4]։ Սերգեյ Կորոլյովը կոնստրուկտորական հիմնական խմբի ղեկավարն էր։ Նրա պաշտոնական կոչումն էր գլխավոր կոնստրուկտոր (ստանդարտ կոչում համանման պաշտոնների համար Խորհրդային Միությունում)։ Ի տարբերություն տիեզերական մրցավազքում իրենց ամերիկյան մրցակիցների, որտեղ ՆԱՍԱ-ն համակարգող միակ գործակալությունն էր՝ ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը բաժանված էր մրցակցության մեջ գտնվող կոնստրուկտորական մի քանի բյուրոների միջև, որոնց ղեկավարներն էին՝ Սերգեյ Կորոլյովը, Քերիմ Քերիմովը, Միխայիլ Յանգելը, Վալենտին Գլուշկոն, Վլադիմիր Չելոմեյը, Վիկտոր Մակեևը, Միխայիլ Ռեշետնևը և այլք։
Հիմք ընդունելով ծրագրի գաղտնիությունը և դրա քարոզչական արժեքը՝ առաջադրանքի արդյունքների մասին հայտարարությունները հետաձգվում և արվում էին այն ժամանակ, երբ հաջողությունը երաշխավորված էր, մինչդեռ ձախողումները երբեմն գաղտնի էին պահվում։ Ի վերջո, 1980-ական թվականներին Միխայիլ Գորբաչովի հրապարակայնության (ռուս.՝ гласность) քաղաքականության արդյունքում՝ գաղտնազերծվեցին բազմաթիվ փաստեր տիեզերական ծրագրի մասին։ Էական անհաջողությունները ներառում էին Կորոլյովի, Վլադիմիր Կոմարովի («Սոյուզ 1» տիեզերանավի վթարի ժամանակ) և «Սոյուզ 11»-ի անձնակազմի մահը 1966 թվականից 1971 թվականը, ինչպես նաև Ն-1 հրթիռի (1968-1974) անհաջող նախագծումը, որով նախատեսվում էր անձնակազմով տիեզերանավի վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա, սակայն առանց անձնակազմի անցկացված չորս փորձարկումներից հետո այն պայթեց մեկնարկից քիչ անց։
Խորհրդային Միության փլուզումից հետո Ղազախստանը, Ռուսաստանը և Ուկրաինան ժառանգեցին այս ծրագիրը։ Ղազախստանը ստեղծեց ԿազԿոսմոսը (անգլ.՝ KazCosmos) 21-րդ դարում, Ռուսաստանը հիմնեց օդատիեզերական Ռոսավիակոսմոս գործակալությունը, որն այժմ «Ռոսկոսմոս» (ռուս.՝ Роскосмос) անվանմամբ տիեզերական գործակալություն է[5], իսկ Ուկրաինան ստեղծեց Ուկրաինայի ազգային տիեզերական գործակալությունը։