Կոտայքի մարզ
մարզ Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական հատվածում։ Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը[1]։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաք Երևանին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին[1]։ Հայաստանի միակ մարզն է, որը չի սահմանակցում հարևան որևէ պետության հետ։ Միևնույն ժամանակ, Կոտայքը չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են Երևանին[2]։
- Այս հոդվածը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կոտայք (այլ կիրառումներ)։
| |||
Ձախից՝ աջ Աժդահակ լեռ և խառնարանային լիճ • Գեղարդի վանք • Գառնու հեթանոսական տաճար • Բջնի բերդ • Կեչառիսի վանական համալիրը Ծաղկաձորում • Գութանասար • Արզական-Մեղրաձորի արգելավայր • Քարերի սիմֆոնիա | |||
Երկիր | Հայաստան | ||
Կարգավիճակ | Մարզ | ||
Մտնում է | Հայաստան | ||
Ներառում է | Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի տարածաշրջաններ | ||
Վարչկենտրոն | Հրազդան | ||
Խոշորագույն քաղաք | Հրազդան | ||
Մարզպետ | Ահարոն Սահակյան | ||
Հիմնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն (2011) | 254 397 (4-րդ %) | ||
Խտություն | 121,14 | ||
Ազգային կազմ | Հայեր` 97,63 % Եզդիներ` 1,50 % Ասորիներ՝ 0,35 % Ռուսներ` 0,25 % Քրդեր` 0,08 % | ||
Տարածք | 2,089 (8-րդ տեղ) | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 900-2,500 մ մ | ||
Հիմնադրված է | ապրիլի 12, 1995 թ. | ||
ISO 3166-2 կոդ | AM-KT | ||
Փոստային ինդեքսներ | 2201-2506 | ||
kotayk.mtad.am | |||
Կոտայքի վարչական կենտրոնը Հրազդանն է, խոշորագույն քաղաքը՝ Աբովյանը։ Մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք՝ 8-րդը Հայաստանի մարզերի շարքում։ Ըստ 2023 թվականի տվյալների վիճակագրական տվյալների՝ Կոտայքի մարզի բնակչությունը կազմում է 254 600 մարդ[3]։ Ներառում է 42 համայնքներ, այդ թվում՝ 7 քաղաքային և 35 գյուղական։ Խոշորագույն համայնքներն են Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նաիրի և Նոր Հաճըն միավորները։
Կոտայքի արևմտյան մասը պատմականորեն ներառված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների կազմում[4]։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով[5]։
Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում գործում է ջերմաէլեկտրակայան[6] և ջրաէլեկտրակայան[7], որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը[6]։ Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են զգալի ոսկու պաշարներ։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն[8][9]։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է նախաքրիստոնեական շրջանի հայոց պատմության եզակի մարգարիտներից մեկը։ Նշանավոր են նաև Բջնի բերդը, միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը։