Կրոնը Բրազիլիայում
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեությունը Բրազիլիայում ամենամեծ կրոնն է, իսկ կաթոլիկները ամենաշատ հետևորդներն ունեն։ Բրազիլիայի պորտուգալական գաղութացման ժամանակ ստրկացված աֆրիկացիների, տեղաբնիկների և կաթոլիկ եկեղեցու ավանդույթների միաձուլումը հանգեցրեց սինկրետիստական պրակտիկաների զարգացմանը բրազիլական կաթոլիկության համընդհանուր հովանու ներքո, որը բնութագրվում է ավանդական պորտուգալական տոնակատարություններով[4]։ Մինչև վերջերս կաթոլիկությունը գերակշռող էր։ 21-րդ դարում արագ փոփոխությունները հանգեցրել են աշխարհիկության աճին (առանց կրոնական պատկանելության), իսկ ավետարանական բողոքականությունը կազմում է բնակչության ավելի քան 22%-ը։ 2010 թվականի մարդահամարը ցույց է տալիս, որ բրազիլացիների 65%-ից քիչը իրեն համարում էին կաթոլիկ (1970 թվականի՝ 90%-ի համեմատ), իսկ կարդինալ Կլաուդիո Հումմեսը սա մեկնաբանեց այսպես․ «Մենք տագնապով հետևում ենք, թե դեռ որքան ժամանակ Բրազիլիան կմնա կաթոլիկ պետություն»[5][6]։ Չնայած երկրում կաթոլիկության ցուցանիշները անկում են ապրում, սակայն այն գերակշռող է մնում Հյուսիսարևելյան տարածաշրջանի մեծ մասում[7][8]։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ 2030 թվականին բողոքականների թիվը, հավանաբար, կգերազանցի կաթոլիկներին[9][10]։
1891 թվականին, երբ ստեղծվեց Բրազիլիայի առաջին հանրապետական սահմանադրությունը, Բրազիլիան դադարեց պաշտոնական կրոն ունենալ և այն ժամանակվանից մնաց աշխարհիկ, թեև կաթոլիկ եկեղեցին մնաց քաղաքականապես ազդեցիկ մինչև 1970-ական թվականները։ Բրազիլիայի սահմանադրությունն երաշխավորում է կրոնի ազատությունը և խիստ արգելում է կառավարության աջակցությամբ կրոնի հիմնումը[4]։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով[1]՝ երկրի բնակչության 64,63%-ը իրեն համարում է կաթոլիկ, 22,2%-ը՝ բողոքական, 8%-ը՝ անկրոն, և 5,2%-ը՝ այլ կրոնների հետևորդներ (հիմնականում սպիրիտիստներ կամ Կարդեկիստներ, ովքեր հետևում են Ալլան Կարդեկի, Ումբանդիստների, Կանդոմբլեի, Եհովայի վկաների, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու վարդապետություններին, և կա բուդդիստների, հրեաների, մուսուլմանների փոքրամասնություններ)։
Բրազիլական կրոնները շատ բազմազան են և հակված են սինկրետիզմին։ Վերջին տասնամյակների ընթացքում գրանցվել է նեո-հոգեգալստական եկեղեցիների և աֆրո-բրազիլական կրոնների մեծ աճ[11], ինչը նվազեցրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու անդամների թիվը[12]։ Ումբանդիստների թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քան պաշտոնական մարդահամարը, քանի որ նրանցից շատերը մինչ օրս շարունակում են իրենց կրոնը քողարկել «կաթոլիկ» սինկրետիզմի ներքո[13]։ Բրազիլացիների մոտ իննսուն տոկոսը վերջին մարդահամարի ժամանակ հայտարարել է ինչ-որ կրոնական պատկանելության մասին[14]։
Թեև դաշնային սահմանադրությունը երաշխավորում է կրոնական հանդուրժողականությունը իր բոլոր քաղաքացիների համար, այն բացահայտորեն արգելում է Դաշնությունը կազմող բոլոր անդամներին հիմնել և ֆինանսավորել պետական դավանանքներ և եկեղեցիներ, որոնք վերահսկվում և համակարգվում են կառավարության կողմից, քանի որ մինչ այժմ Բրազիլիայի պետությունը ճանաչում է կաթոլիկ եկեղեցու «յուրահատուկ դերը» իրավական համակարգում, ինչի պատճառով օրենքը ճանաչում է Մարիամ Աստվածածնին՝ Հիսուսի մորը՝ որպես «Բրազիլիայի հովանավոր», կաթոլիկ տոները (օրինակ՝ Ապարեցիդայի Տիրամոր օրը և մեր Տիրոջ ծննդյան օրը) օրենքով ճանաչվում են որպես ազգային տոներ, կաթոլիկ կրոնն ունի բացառիկ օրենք, որը կարգավորում է նրա հարաբերությունները պետության հետ, քաղաքներն ու նահանգները կրում են կաթոլիկ սրբերի անունները, «Աստծուն փառք» արտահայտությունը առկա է ռեալի բոլոր թղթադրամների վրա, և երկրում բացառապես կաթոլիկական ուսուցումը թույլատրվում է պետական դպրոցներում։