Մայիսյան հերոսամարտեր
From Wikipedia, the free encyclopedia
Մայիսյան հերոսամարտեր (նաև՝ 1918 թվականի հայ-թուրքական պատերազմ), Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թվականի հունվարի 28-ին խախտելով Երզնկայ զինադադարը (1917 թվականի դեկտեմբերի 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Հայ կամավորներն առանձին խմբերով փորձել են դիմադրություն կազմակերպել՝ Երզնկայում՝ Սեբաստացի Մուրադը, Բաբերդում՝ Սեպուհը, Քղիում՝ Թուրիկյանը։ Կովկասյան բանակի հրամանատարությունը 1918 թվականի հունվարին Անդրանիկին շնորհել է գեներալի կոչում և նշանակել ռազմաճակատի հրամանատար։ Վերջինս ժամանել է Ալեքսանդրապոլ (կամավորներ հավաքագրելու ապարդյուն փորձեր է արել), ապա անցել է Կարս, փետրվարի 10-ին՝ Էրզրում (Կարին)։ Արյունահեղ մարտեր մղելով՝ Մուրադը Երզնկայից գաղթականների հետ նահանջել է Դերջան, ապա՝ էրզրում։ Անհաջող են եղել նաև Քղիում թուրքերին ու քրդերին կանգնեցնելու Թուրիկյանի ջանքերը։ Թուրքերի պահանջով Անդրկովկասի վրացական և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարել են երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում կազմվել է Անդրկովկասի Սեյմը (խորհրդարան)՝ մենշևիկ Միկոլոգ Չխեիձեի նախագահությամբ։ Սեյմը ներկայացված էր 36 վրաց մենշևիկ, 30 մուսավաթական, 27 դաշնակցական, 19 ԷսԷռ և այլ կուսակցությունների պատվիրակներով։ Սեյմը դարձել է երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմինը, իսկ գործադիր մարմնի՝ նորակազմ կառավարության նախագահ է նշանակվել Եվգենի Գեգեչկորին։ Դաշնակցականները (Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Խաչատուր Կարճիկյան և ուրիշներ), դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, մտել են Սեյմի մեջ՝ թուրքերի դեմ միայնակ չմնալու ակնկալիքով։ Շարունակվել է թուրք, զորքերի առաջընթացը, փետրվարին նրանք գրավել են Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին՝ Էրզրումը, որտեղից Անդրանիկը հեռացել է Ալեքսանդրապոլ՝ չստանալով օգնական ոչ մի ուժ։ Հայկական ուժերը չկարողացան միայնակ պահել 400 կմ երկարությամբ ճակատային գիծը (նախկինում այն պահել էր ռուսական 5 կորպուս)։ Այս ամենին հաջորդել է Բրեստ-Լիտովսկում 1918 թվականի մարտի 3- ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանա-թուրքական. խմբավորման կնքած պայմանագիրը, որով Վ. Լենինի կառավարությունը հրաժարվել է Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելառուսիայից և Մերձբալթիկայից՝ հօգուտ Գերմանիայի, և Արևմտյան Հայաստանից՝ հօգուտ Թուրքիայի։ Թուրքերին է տրվել նաև Կարսի մարզը, որը 1878-ից Ռուսական, կայսրության կազմում էր։ Անդրկովկասի Սեյմը չի ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918 թվականի մարտին թուրքերի արդեն գրաված Տրապիզոնում առանձին բանակցություններ է սկսել վերջիններիս հետ։ Սեյմի պատվիրակության (նախագահ՝ Ակակի Չխենկելի) 12 անդամից 7-ը մուսուլման էին։ Ադրբեջանցի պատվիրակները, ընդառաջելով իրենց թուրք եղբայրների պահանջներին, կողմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները Թուրքիային հանձնելուն։ Վրաց պատվիրակները, դեմ լինելով Արևմտյան Հայաստանը և Տրապիզոնը Թուրքիային թողնելուն, իրականում ոչ մի քայլ չեն կատարել թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ, ավելին՝ մերժել են հայկական կողմի առաջարկը՝ միասին պահել ճակատը։ Իսկ կովկասյան բանակի հրամանատար, վրացի գեներալ-լեյտենանտ. Իլյա Օդիշելիձեն (քրոջ ամուսինը թուրք, զորքերի հրամանատար Վեհիբ փաշան էր) Ա. Չխենկելու հրամանով 1918 թվականի ապրիլի 11-12-ին, գրեթե առանց կռվի, թշնամուն է հանձնել լավ ամրացված Կարսի բերդը, որի պաշտպանության հրամանատար էր նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ Թուրք-անդրկովկասյան անջատ բանակցությունները Տրապիզոնում արդյունք չեն տվել, և Սեյմի պատվիրակությունը վերադարձել է Թիֆլիս։ Ստեղծված իրադրությունից պարզ է դարձել, որ Թուրքիան չի բավարարվելու պայմանագրով նախատեսված տարածքների բռնագրավմամբ և ներխուժելու է նաև Արևելյան Հայաստան։