Հավերժության հայկական նշան
From Wikipedia, the free encyclopedia
Հավերժության հայկական նշան, հնագույն ազգային խորհրդանիշ և հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանշան։
Հավերժության նշանը հնագույն ազգային խորհդանիշ է և հանդիպում է հայ իրականությունում բազմապիսի դրսևորումներով։ Այն ծագում է սվաստիկայից և ունի հստակ հայկական մեկնաբանություն։ Այն ներկայացվում է որպես մի կետից ծագող աջ կամ ձախ պտույտ ունեցող կոր թևերով պատկեր (ոլորք)։ Ամենահին ներկայացումները հայտնաբերվել են հայկական բարձրավանդակի ժայռապատկերներում որպես Արեգակի պատկեր՝ անիվի կամ սվաստիկայի (միա կամ բազմաթև ոլորքի) տեսքով։
Նշանը խորհրդանշում է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն, առաջընթաց և զարգացում։ Աջ և ձախ պտույտներին վերագրվում են ակտիվ և պասսիվ իմաստներ ու կարող են օգտագործվել այդ իմաստները նշելու համար։ Օրինակ, աջ պտույտի հավերժության նշանով զարդարված մանկական օրորոցը նախատեսվում է տղաների, իսկ ձախ պտույտի դեպքում՝ աղջիկների համար։ Հնարավոր են ինչպես երկչափ, այնպես էլ տարածական իրականացումներ։
Հավերժության նշանը որպես գրանշան ներառված է ArmSCII հիմնօրինակում և գրանշանների ցանկը սկսվում է հենց նրանով։ Հայկական տառատեսակների համակարգչային հավաքածուներում հավերժության հայկական գրանշանն օգտագործվում է 1987 թվականից՝ ArmSCII-ի գործարկման պահից ի վեր։
Հայաստանում և նրա պատմական տարածքներում հավերժության նշանը հայտնաբերվում է ամենուր՝ ճարտարապետական կոթողների և տարրերի վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի և առարկաների վրա, պետական, հասարակական, մասնավոր և կրոնական կառույցների խորհրդանշաններում։
Այսօր հայ ժողովուրդն աշխարհում միակն է, ում արվեստի և հոգևոր խորհրդանշանային մշակույթում հավերժության նշանն անբաժան մաս է կազմում և համընդհանուր տարածում ունի որպես հայկական ինքնության խորհրդանշան[1]։