Մելիքգյուղ
գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Մելիքգյուղ (հայտնի է եղել նաև որպես Մելիքքյանդ, Մելիքքենդի, ավելի հնում՝ Մելիք, Մելիքի գյուղ անուններով), գյուղական համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոն Աշտարակ քաղաքից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, Ապարանից՝ մոտ 20 կմ հյուսիս-արևելք։ 2008 թվականի մարդահամարի տվյալներով՝ գյուղի բնակչությունը 1165 մարդ է։ Սեռային կազմը՝ տղամարդիկ 51%, կանայք՝ 49%։ Գտնվում է ծովի մակարդակից 2184 մետր բարձրության վրա՝ Ծաղկունյաց լեռների հարավային լանջերին՝ Շողակաթ և Թուխմանուկ լեռների փեշին։ Գյուղի միջով է հոսում Գետուկը, որը Քասախ գետի վտակներից է։
Գյուղ | |||
---|---|---|---|
Մելիքգյուղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզԱրագածոտնի մարզ | ||
Համայնքապետ | Մելիք Քոչարյան | ||
Հիմնադրված է | մոտ 1640 թ. | ||
Այլ անվանումներ | Մելիքքյանդ, Մելիք, Մելիքի գյուղ, Մելիքքենդի | ||
Մակերես | 28,95 կմ² | ||
ԲԾՄ | 2184 մետր | ||
Կլիմայի տեսակ | Բարեխառն լեռնային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼999 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | ||
Տեղաբնականուն | մելիքգյուղացի, մելիքգյուղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | meliqgyugh.am | ||
| |||
Գյուղն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները երկար են և ցուրտ, ամառները՝ տաք, համեմատաբար խոնավ։ Առավելագույն միջին ջերմաստիճանը կազմում է 16-18 °C, իսկ նվազագույնը՝ -6-8 °C։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 մմ։
Մելիքգյուղն ունեցել է բազմաշերտ պատմություն։ Այն հիմնադրվել է մոտ 1630-1640-ական թվականներին Մելիքի կողմից, որն իր գերդաստանով (հավանաբար նաև մի շարք այլ գերդաստանների հետ միասին) հաստատվել է այնտեղ և հիմնել գյուղը, որն իր անունով էլ կոչվել է Մելիքգյուղ։ Հետագայում գյուղը վերաբնակեցվել է մեծ թվով գաղթականների՝ հիմնականում ալաշկերտցիների կողմից, որոնք 1830 թվականի մայիսին Ռուսական կայսրության կողմից կազմակերպված ներգաղթի արդյունքում ներգաղթած արևմտահայերն էին։ Գյուղը մտել է Ապարանի մահալի, Ալեքսանդրապոլի գավառի և այլ տարբեր վարչական բաժանումների մեջ։ Ալաշկերտիցները «վերախմբագրել են» գյուղի անունը՝ այն դարձնելով «Մելիքքյանդ», որը պահպանվել է մինչև 1948 թվականը։ 1941-1945 թվականներին գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 273 զինվոր, որոնցից 124-ը զոհվել են։
Գյուղն ունի պահպանված ավանդույթներ, ծեսեր, տոնակատարություններ և ապրում է մշակութային կյանքով։ Մի շարք մելիքգյուղցիներ հաջողություններ են գրանցել մարզական ոլորտում։ Պահպանվել է Ալաշկերտի խոսվածքը։ Սերունդները թողել են բազմաժանր բանահյուսական ստեղծագործություններ և գրական ժառանգություն։ Գյուղում գործում են մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ և այլն։ Սպիտակի երկրաշարժից հետո մանկապարտեզը չի գործում։