Մթածմինդա (պանթեոն)
From Wikipedia, the free encyclopedia
Մթածմինդա, Վրաստանի գրողների ու հասարակական գործիչների պանթեոն (վրաց.՝ მთაწმინდის მწერალთა და საზოგადო მოღვაწეთა პანთეონი, վրաց.՝ მთაწმინდა - Սուրբ սար), գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Մթածմինդայի գերեզմանատունը, որտեղ թաղված են վրացի գրողներ, դերասաններ, գիտնականներ ու Վրաստանի ազգային հերոսներ, գտնվում է Մթածմինդա լեռան լանջին՝ Սուրբ Դավիթի («Մամադավիթի») եկեղեցու շրջակա տարածքում։ Պանթեոնը պաշտոնապես բացվել է 1929 թվականին։ Հենց Սուրբ Դավիթի եկեղեցում ևս կան գերեզմաններ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մթածմինդա (այլ կիրառումներ)
Մթածմինդայի գերեզմանատանը թաղված առաջին նշանավոր անձինք եղել են ռուս հայտնի գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը (1795—1829) և նրա կինը՝ Նինո Ճավճավաձեն (1812-1857)։ Պանթեոնը պաշտոնապես բացվել է 1929 թվականին, երբ լրացել է Իրանում Գրիբոյեդովի ողբերգական մահվան 100-րդ տարելիցը։ Այդ ժամանակից ի վեր այստեղ թաղվել կամ վերաթաղվել են բազմաթիվ հայտնի վրացիներ։ Գերեզմանատունը գտնվում է Թբիլիսիի մունիցիպալիտետում և համարվում է քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։