Մին դինաստիա
From Wikipedia, the free encyclopedia
Մին դինաստիա, Չինաստանի կառավարող դինաստիան 1368-1644 թթ` Յուան դինաստիայից հետո։ Էդվին Ռայշաուերը, Ջոն Ֆեյրբենկը և Ալբերտ Քրեյգը նկարագրել են Մին դինաստիայի կառավարման տարիները որպես «մարդկության պատմության ընթացքում կանոնակարգված կառավարության և սոցիալական կայունության ամենալավ ժամանակներից մեկը»[1] : Մին դինաստիան վերջին էթնիկ Հան չինական դինաստիան էր։ Չնայած նրան, որ Մին դինաստիայի մայրաքաղաք Պեկինը գրավվեց 1644 թ-ին ապստամբության արդյունքում, որն առաջնորդում էր Լի Ցզիչենը, երկրի հարավը մնաց դինաստիայի իշխանության տակ մինչև 1683 թ.:
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Նանկին (1368–1421) Պեկին (1421–1644) | |||
Մակերես | 6.500.000 | |||
Բնակչություն | 160.000.000 | |||
Կրոն | Բուդդայականություն | |||
Արժույթ | Տարատեսակ | |||
Զորք | 1.000.000 | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պատմություն |
Հոնգվու կայսրը (1368–98 թթ.) փորձում էր ստեղծել հասարակություն, որում ծայրամասային համայնքները կանոնակարգված կլինեին խիստ և կայուն մի համակարգով, որի շնորհիվ նրա արքայատոհմը կունենար զինվորների մշտական դաս։ Կայսրության օրոք գործում էր մշտական նավատորմ և բանակ, որի թիվը հասնում էր մինչև 1 միլիոնի[2]։ Նանկին քաղաքի նավաշինարանը աշխարհում ամենամեծն էր[3]։ Կայսրը նաև փորձում էր սահմանափակել պալատական ներքինիների և խոշոր գործարարների ուժը։ Նա ուղարկում էր իր որդիներից շատերին Չինաստանի տարբեր ծայրեր՝ որպես ավատատուներ՝ փորձելով այդ արքայազններին ուղղորդել ըստ Հուանգ Մին Ծու Սունի (Հոնգվու կայսրի թողած խորհուրդների գիրք)։
Այս փորձերը ձախողվեցին, երբ կայսեր պատանի որդին՝ Ցզյանվեն կայսրը, փորձեց զրկել իր հորեղբորը իշխանությունից՝ հրահրելով Ցզիննան ապստամբությունը, որի արդյունքում Յանի արքայազնը 1402 թվականին գահին նստեց՝ որպես Յունլե կայսր։ Վերջինս դարձրեց Յան քաղաքը երկրորդ մայրաքաղաք և վերանվանեց այն Պեկին, կառուցեց Արգելված քաղաքը և վերականգնեց Մեծ ջրանցքը և կեցզյույ կոչվող կայսերական քննությունների առաջնորդարանը։ Նա վարձատրում էր իր ներքինի աջակիցներին և օգտագործում էր նրանց՝ որպես կոնֆուցիական գիտնական-պաշտոնյաների դեմ հակակշիռ։ Նրանցից մեկը՝ Չժենգ Հեն, յոթ խոշոր ծովային հետազոտական արշավներ է ղեկավարել Հնդկական օվկիանոսով մինչև Արաբական թերակղզի և Աֆրիկայի ափեր։
Նոր կայսրերի և կուսակցությունների ի հայտ գալու պատճառով նվազեցին նմանատիպ շռայլությունները, իսկ Չժենգթոնգ կայսեր գերեվարումը 1449 թվականին՝ Տումու ճգնաժամի ժամանակ լիովին վերացրեց դրանք։ Կայսերական նավատորմը հայտնվեց վատ վիճակում, մինչդեռ հարկադրական աշխատանքի միջոցով կառուցվում էր Լիադոնգի ցանկապատը, միացվում և ամրացվում էր Չինական մեծ պատը։ Տասը տարին մեկ անց էր կացվում մարդահամար, սակայն դրանք երբեք ճշգրիտ չէին լինում, քանի որ մարդիկ փորձում էին խուսափել աշխատանքից և հարկերից։ Բացի այդ Նանկինում այդ հսկայական արխիվները պահելը բավականին դժվար էր[4]։ Համաձայն հաշվարկների՝ ուշ Մին դինաստիայի օրոք բնակչությունը կազմում էր 160- 200 մլն.[5], սակայն տարեցտարի ավելի էր պակասում պետական հարկեր վճարողների թիվը, քանի որ նրանք կա՛մ անհետանում էին պաշտոնական տեղեկագրերից, կա՛մ էլ «նվիրաբերում էին» իրենց հողերը հարկերից ազատ ներքինիներին կամ տաճարներին։ Հայցզինի օրենքները, որոնք նախատեսված էին ափերը «Ճապոնացի» ծովահեններից (ուոկոու- 倭寇) պաշտպանելու համար, ավելի վատթարացրին իրավիճակը։ Առաջացան նոր ծովահեններ և մաքսանենգներ։
Մինչև 16-րդ դարը, սակայն, Եվրոպական առևտրի զարգացման հետ մեկտեղ Չինաստանում տարածվեց բերքի, բույսերի և կենդանիների Կոլումբոսյան փոխանակումը, որի արդյունքում Չինաստանի Սըչուան նահանգի խոհանոց ներմուծվեցին չիլի պղպեղը, եգիպտացորենը և կարտոֆիլը, որոնք նվազեցրին սովը և խթանեցին բնակչության աճը։ Պորտուգալացիների, իսպանացիների և հոլանդացիների հետ առևտուրը ստեղծեց չինական արտադրանքի մեծ պահանջարկ և ճապոնական և ամերիկյան արծաթի մեծ ներհոսք։ Սկսեցին շրջանառվել մետաղադրամները, այնինչ թղթադրամները բազմիցս հիպերինֆլյացիայի են ենթարկվել և այլևս չէին գործածվում։ Չնայած ավանդական կոնֆուցիականները դեմ էին, որ առևտուրը և ունեցվածքը այդպիսի մեծ դեր ունենան կյանքում, այլադավանությունը, որը ներմուծել էր Վան Յանմինը, ընդունում էր դրանք։ Չժան Ցզուչժենը սկզբում իրականացրել էր հաջող բարեփոխումներ, որոնք հետո, սակայն, կործանարար եղան և վնաս հասցրին գյուղատնտեսությանը։ Սա պայմանավորված էր փոքր սառցե դարաշրջանով, ինչպես նաև ճապոնական և իսպանական քաղաքականության մեջ փոփոխություններով, որոնք հանգեցրին արծաթի ներհոսքի կրճատմանը, որի պատճառով հողագործները անկարող եղան վճարել իրենց հարկերը։ Բացի այդ, բերքի ձախողուման, ջրհեղեղների և համաճարակի պատճառով արքայատոհմը անկում ապրեց մինչև ապստամբ Լի Ցզիչենը, ում հաղթել է «Ութ դրոշի բանակը», որն առաջնորդում էին մանջուրները, ովքեր էլ հետո հիմնադրել են Ցին դինաստիան։