Նապոլեոնյան պատերազմներ
From Wikipedia, the free encyclopedia
Նապոլեոնյան պատերազմներ (1803-1815), համընդգրկուն հակամարտության պատերազմների մի շարք էին, որոնք մղվել են ո՛չ միայն Եվրոպայում, այլև՝ Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Նապոլեոնյան պատերազմները արդյունք էին Նապոլեոն I-ի գլխավորած Ֆրանսիական կայսրության վարած քաղաքականության։ Վերջինիս դեմ համախմբվեցին Եվրոպայի մի շարք տերություններ, կազմելով տարբեր դաշնախմբեր, որոնց գլխավորում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ Այդ պատերազմները հեղափոխականացրեցին եվրոպական բանակները և դրանք աննախադեպ մասշտաբներով մեծացրեցին՝ լայնորեն կիրառելով համընդհանուր զինապարտությունը։ Նապոլեոնյան պատերազմները Ֆրանսիական հեղափոխական պատերազմների շարունակությունն էին, որոնք սկիզբ էին առել 1792 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Սկզբնապես, Ֆրանսիայի հզորությունը արագորեն աճեց, քանզի Նապոլեոնի Մեծ Բանակը նվաճեց գրեթե ամբողջ մայրցամաքային Եվրոպան։ Իր ռազմական կարիերայի ընթացքում Նապոլեոնը մղել է 60 ճակատամարտ, որոնցից 53-ը շահել է, իսկ պարտվել է միայն 7-ում, այն էլ՝ հիմնականում իր գահակալության վերջում[1]։ Ֆրանսիական հսկայական տերությունը արագորեն կործանվեց, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Ֆրանսիայի աղետալի հարձակումը Ռուսաստանի վրա՝ ներխուժումը Ռուսաստան 1812 թվականին։ 1814 թվականին Նապոլեոնը պարտություն կրեց, և աքսորվեց Էլբա կղզի։ Ապա նա փախավ աքսորավայրից և 1815 թվականին 100 օրով վերստին պետության գլուխ անցավ։ Դրանից հետո նա դարձյալ պարտություն կրեց։ Այս անգամ Վաթեռլոոյի ճակատամարտը դարձավ նրա վերջին պարտությունը, և դարձյալ աքսորվեց, ընդ որում՝ ավելի հեռու՝ Ատլանտյան օվկիանոսի՝ Մեծ Բրիտանիային պատկանող Սուրբ Հեղինե կղզին։
Մեկը մյուսի հաջորդող պատերազմներում, որոնք հայտնի են նաև Դաշնախմբային պատերազմներ անունով, Ֆրանսիան պարտության մատնեց իր դեմ կազմված հինգ հզոր դաշնախմբերին, մինչև որ պարտություն կրեց վեցերորդից ու յոթերորդից։ Առաջին երկու դաշնախմբերը պարտություն էին կրել Ֆրանսիական Հեղափոխական Պատերազմներ ժամանակ, իսկ երրորդը (նշանավոր՝ Աուստերլիցի ճակատամարտով), չորրորդը՝ (նշանավոր՝ Յենայի ճակատամարտով, Էյլաուի ճակատամարտով, և Ֆրիդլանդի ճակատամարտով) և հինգերորդը՝ (նշանավոր՝ Վագրամի ճակատամարտով) մղվել էին Նապոլեոնի ընդհանուր և անմիջական հրամանատարությամբ։ Այս հաղթանակները Նապոլեոնի Մեծ Բանակին տվեցին անխոցելիության, զգացում, հատկապես այն բանից հետո, երբ այդ բանակը մոտեցավ Մոսկվային և գրավեց այն, երբ ռուսները թողեցին իրենց հին մայրաքաղաքը՝ Մոսկվան։ Սակայն Ռուսաստանից նահանջելիս ֆրանսիական զորքերը պարտության մատնվեցին նախ՝ ռուսական սառնաշունչ ձմեռվա կողմից, իսկ ապա՝ Վեցերորդ Դաշնախմբի զորքերի կողմից՝ Լայպցիգի ճակատամարտում։ Դրան հաջորդեց Հյուսիս-արևելյան Ֆրանսիայի (1814) պատերազմաշրջանում ֆրանսիական զորքերի պարտությունը։ Նապոլեոնին վերջնականապես պարտության մատնեցին Յոթերորդ Դաշնախմբի զորքերը՝ Վաթեռլոոյի ճակատամարտում՝ Բելգիայում։ Որպես այդ պարտությունների արդյունք, Ֆրանսիան զրկվեց բոլոր այն տարածքային ձեռքբերումներից, որոնք ունեցել էր այդ պատերազմների ընթացքում և վերադարձավ 1789 թվականի իր սահմաններին, ինչը ամրագրվեց Վիեննայի Կոնգրեսի որոշումներով։
Նապոլեոնյան պատերազմների արդյունքով լուծարվեց Սրբազան Հռոմեական Կայսրությունը և ցանվեցին ազգայնականության սերմերը, որոնք տասնամյակներ անց հանգեցրեցին Գերմանիայի և Իտալիայի միավորմանը։ Համընդգրկուն Իսպանական կայսրությունը սկսեց ճաքճքել՝ նապոլեոնյան բռնազավթման (Իսպանիայի Թագավարությունը Ժոզեֆ Բոնապարտի ներքո) և ֆրանս-իսպանական հակամարտության արդյունքում թուլանալով այնքան, որ այլևս ի վիճակի չէր պահպանել իր իշխանությունը հսկայածավալ գաղութների նկատմամբ. դրանով իսկ սկսվեցին ազգայնական հեղափոխությունները Իսպանական Ամերիկայում։ Նապոլեոնյան պատերազմներում իր տարած հաղթանակի և այլ մեծ տերությունների կորուստների հետևանքով Բրիտանական կայսրությունը դարձավ մեծագույն համաշխարհային տերությունը՝ հաջորդ հարյուրամյակի ընթացքում[2], այսպիսով սկիզբ դնելով Պաքս Բրիտանիկային (Pax Britannica):
Գիտնականները տարաձայնություններ ունեն այն հարցում, թե երբ են ավարտվել Ֆրանսիական Հեղափոխական Պատերազմները և սկսվել Նապոլեոնյան Պատերազմները։ Բոնապարտի կողմից հեղաշրջմամբ Ֆրանսիայում իշխանության զավթումը եղել է 1799 թվականի նոյեմբերի 9-ին, իսկ 1803 թվականի մայիսի 18-ին Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև նորացված պատերազմը պայթեց, դրանով իսկ վերջ դնելով Ամիենի պայմանագրին հաջորդած մեկամյա համընդհանուր խաղաղության ժամանակաշրջանին։ Պատերազմը հիմնականում դադարեց Վաթեռլոոյի ճակատամարտում 1815 թվականի հունիսի 18-ին Նապոլեոնի կրած վերջնական պարտությունից հետո, թեպետ բախումներն ու տեղական որոշ մարտեր շարունակվեցին մինչև 1815 թվականի հուլիսի 3-ը՝ Իսսիի ճակատամարտը։ Փարիզի պայմանագիրը պաշտոնապես Նապոլեոնյան պատերազմներին վերջ դրեց 1815 թվականի նոյեմբերի 20-ին։