Ուկիյո-է
From Wikipedia, the free encyclopedia
Ուկիյո-է (ճապ.՝ 浮世絵, բառացի` փոփոխական աշխարհի նկարներ, կերպարներ), ուղղություն ճապոնական կիրառական արվեստում, որ զարգացում է ապրել Էդո դարաշրջանում (1603-1868)։
«Ուկիյո» բառը բառացի նշանակում է «լողացող աշխարհ», համահունչ է բուդդիստական «սգո աշխարհ» եզրույթին, բայց գրվում է այլ հիերոգլիֆներով։ Ի սկզբանե «ուկիյո» եզրը բուդդայականության մեջ կիրառվել է «անցավոր աշխարհ, տխրության տանջավայր» նշանակությամբ, սակայն Էդո դարաշրջանում, քաղաքային հատուկ թաղամասերի ի հայտ գալով, որտեղ ծաղկում էր կաբուկի թատրոնը, և գտնվում էին գեյշաների ու կուրտիզանուհիների տները, եզրը վերաիմաստավորվում է և մասամբ սկսվում է հասկացվել «սիրո աշխարհ, վայրկենական հաճույքի աշխարհ» իմաստով։
Ուկիյո-է ոճի փորագրությունները քսիլոգրաֆիայի հիմնական տեսակն է Ճապոնիայում։ Արվեստի այս ձևը 17-րդ դարի երկրորդ կեսին լայն տարածում է ստացել Էդո քաղաքային մշակույթում (այժմ` Տոկիո)։
Սկզբնական շրջանում փորագրությունները եղել են սև-սպիտակ. օգտագործվել է միայն ստվերաներկ։ 18-րդ դարի սկզբից որոշ աշխատանքներ գունավորել են ձեռքով վրձնի միջոցով։ 18-րդ դարում Սուձուկի Հարունոբուն ներդրել է բազմագույն տպագրության տեխնիկան նիսիկի-է-ի (դիպակե նկարներ) պատրաստման համար։
Ոկիյո-է փորագրությունները գնային առումով հասանելի են դարձել դրանց զանգվածային արտադրությունից հետո։ Դրանք նախատեսված են եղել հիմնականում քաղաքային բնակչության համար, որոնք կարող էին իրենց թույլ տալ գումար ծախսել նկարների վրա։
Ոկիյո-է-ին բնորոշ են առօրեական կյանքի նկարները, որոնք համահունչ են այդ շրջանի քաղաքային գրականությանը։ Փորագրություններում պատկերված են գեյշաներ (բիդզին-գա), սումոյի մարզիկներ և կաբուկի թատրոնի հանրաճանաչ դերասաններ (յակուսյա-է)։ Ավելի ուշ հանրաճանաչ է դարձել բնանկարային փորագրությունը։