Չինական մեծ պարիսպ
From Wikipedia, the free encyclopedia
Չինական մեծ պարիսպ (長城, 长城, Chángchéng (Երկար պատ) կամ 萬里長城, 万里长城, Wànlǐ Chángchéng (Երկար պատ 10000 լի երկարությամբ), քարից, աղյուսից, հողից, փայտից և այլ նյութերից պատրաստված ամրությունների շարք։ Դրանք կառուցվել են հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից։ Դեռևս մ.թ.ա. 7-րդ դարից սկսվել է պարսպի որոշ մասերի կառուցումը[3]։ Սրանք հետագայում միացվել են մյուս պարիսպներին Ցին Շի Հուանդի՝ Չինաստանի առաջին կայսեր կողմից (մ.թ.ա. 220–206 թվականներ)։ Այս պարսպից, իհարկե, շատ քիչ մասն է պահպանվել[4]։ Ավելի ուշ տարբեր դինաստիայի ներկայացուցիչներ վերակառուցել, նորոգել են հին պարիսպները՝ միևնույն ժամանակ ավելացնելով նոր շարքեր։ Պարիսպների ամենահայտնի հատվածը կառուցվել է Մին դինաստիայի (1368–1644 թվականներ) օրոք։
Չինական մեծ պարիսպը Ցինշանլինում | |
Տեսակ | Ամրություն |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Հեբեյ, Պեկին[1], Տյանցզին[2], Շանսի, Ներքին Մոնղոլիա, Շենսի, Նինսյա-Խուեյ, Գանսու, Սինծյան, Շանդուն, Հենան, Հուբեյ, Հունան, Սիչուան և Ցինհայ |
Բարձրություն | 5 մետր, 8 մետր և 7 մետր |
Երկարություն | 21 195 կմ |
Լայնություն | մոտ 4,5 մետր |
Շինանյութ | կրաքար |
Կազմված է | Jiayuguan?, Old Dragon Head? և Guangwu Great Wall? |
Այցելողներ | 16 000 000 մարդ և 15 100 մարդ |
Հիմնադրված է | -700 |
Պաշտոնական կայք |
Պաշտպանական նշանակությունից բացի Չինական մեծ պարիսպը ունեցել է նաև սահմանների վերահսկողության նշանակություն՝ թույլ տալով Մետաքսի ճանապարհով ապրանքների անվնաս տեղափոխումը, առևտրի կանոնակարգումը, արտագաղթի և ներգաղթի վերահսկողությունը։ Դեռ ավելին՝ պարսպի պաշտպանական հատկանիշները բարելավվել են պահակակետ աշտարակների, զորանոցների, կայազորի կայանների, ծխի և կրակի միջոցով ազդանշաններ տալու համակարգերի ստեղծմամբ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ պարիսպների վրայի ուղին ինքնին եղել է նաև տրանսպորտային միջանցք։
Տարբեր դինաստիաների կողմից կառուցված սահմանամերձ պարիսպները ունեցել են մի քանի երթուղիներ։ Ընդհանուր առմամբ դրանք ձգվել են արևելքում Դանդունից մինչև արևմուտքում Լոբնոր լիճ, հյուսիսում ներկայիս ռուս-չինական սամանից մինչև հարավում Ցինհայ՝ ուրվագծելով մոնղոլական տափաստանի եզրը աղեղի ձևով։ Բարձրակարգ տեխնոլոգիաներով իրականացված հնագիտական հետազոտությունները թույլ են տվել եզրակացնել, որ Մին դինաստիայի կողմից կառուցված պարսպի երկարությունը եղել է 8850 կմ[5]։ Այն կազմված է 6259 կմ երկարությամբ իրական պարիսպներից, 359 կմ երկարությամբ խրամատներից և 2232 կմ երկարությամբ բլուրներից և գետերից կազմված բնական պաշտպանական արգելապատնեշներից[5]։ Մեկ այլ հնագիտական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ պարիսպը իր բոլոր ճյուղերով ունի մոտ 21,196 կմ երկարություն[6]։ Այսօր Չինական մեծ պարիսպը համարվում է պատմության մեջ ամենատպավորիչ ճարտարապետական գլուխգործոցներից մեկը[7]։ Մեծ պարիսպը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ[8][9]։