Սեռական կողմնորոշում
զգացմունքային, ռոմանտիկ կամ ֆիզիկական գրավչություն մեկ այլ անձի նկատմամբ / From Wikipedia, the free encyclopedia
Սեռական կողմնորոշում, անձի զգացմունքային, հուզական, ինտիմ և սեռական գրավչությունների ամբողջություն այլ անձի կամ անձանց նկատմամբ[1]։ Ինչպես նաև այս գրավչությունների բացակայությունը այլ անձի նկատմամբ։
Սեռական կողմնորոշումն ուղղված է այլ սեռերի կամ գենդերային ինքնությունների նկատմամբ։
Առանձնացվում են սեռական կողմնորոշման հետևյալ տեսակները` տարասեռական (heterosexual), նույնասեռական (homosexual), երկսեռական (bisexual), ինչպես նաև` անսեռական (asexual)։
Տարասեռական (հետերոսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` այլ սեռի կամ գենդերի անձանց նկատմամբ։
Նույնասեռական (հոմոսեքսուալ` լեսբի կամ գեյ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` նույն սեռի կամ գենդերի անձանց նկատմամբ։ Նույնասեռական տղամարդկանց անվանում են գեյ, իսկ նույնասեռական կանանց` լեսբի։
Երկսեռական (բիսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը զգացմունքային և/կամ սեռական գրավչություն ունի մեկից ավելի սեռերի նկատմամբ։
Անսեռական (ասեքսուալ) մարդը սեռական հրապուրանք, գրավչություն և/կամ ցանկություն գրեթե կամ ընդհանրապես չի զգում ոչ մի սեռի մարդու նկատմամբ։ Ասեքսուալ մարդիկ ունենում են նույն հուզական կարիքները, ինչ բոլորը և ընդունակ են ձևավորել ինտիմ հարաբերություններ։ Ասեքսուալությունը համարվում է սեռական կողմնորոշման տեսակ, չնայած ոմանք այլ կարծիքի են։
Ի գիտություն. Եթե անհատն անսեռական է, դեռևս չի նշանակում, որ նա սեռական հարաբերություններ չի կարող ունենալ։ Անսեռական անհատը ևս կարող է զուգընկեր/ուհի ունենալ, ի վիճակի է երեխաներ ունենալ։ Հարկ է անսեռականությունը տարանջատել ամլությունից և սեռական անկարությունից։ Անսեռականությունը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջության (բոլորը միասին) բացակայությունն է, սակայն ոչ անկարությունը (իմպոտենցիա)։
Կարևոր է նաև անսեռականությունը տարբերել ժուժկալությունից, որը սեռական կյանք վարելուց դիտավորյալ հրաժարվելն է։ Մարդկանց մեծ մասամբ ժուժկալության դրդում են որոշ կրոնական գաղափարներ կամ ուղղություններ, և հիմնականում ժուժկալության հիքմը հոգևոր-կրոնական է։ Ցանկացած սեռական կողմնորոշում ունեցող անհատ կարող է ժուժկալ կենսակերպ վարել։ Բնական ու կանոնավոր սեռական կյանք վարելը կամ դրանից իսպառ հրաժարվելն անհատի ընտրությունն է։
Վերոնշյալ սեռական կողմնորոշումները ամենատարածվածներն են, որոնցով մարդիկ նույնականանում են։ Սակայն, որքան մարդ կա, այդքան էլ սեռական կողմնորոշում ու գենդերային ինքնություն։ Ըստ այդմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ու Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան տարանջատում են 60-ից ավել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության դրսևորում։ Սրա պատճառը սեռականության, որպես նոր ուսումնասիրվող ու զարգացող գիտություն լինելն է։ Օրինակ՝ մարդիկ կարող են օգտագործել այլ եզրույթներ, ինչպիսիք են պենսեքսուալ կամ պոլիամոր։
«Սեռական նախասիրություն» տերմինը հիմնականում համընկնում է սեռական կողմնորոշման հետ, սակայն հոգեբանական հետազոտություններում ընդհանուր առմամբ դրանք առանձնացվում են[2]։ Օրինակ՝ բիսեքսուալ նույնականացվող անձը կարող է ունենալ նախասիրություն սեռերից մեկի հանդեպ[3]։ Սեռական նախասիրությունը կարող է որոշ չափով առաջանալ կամավոր ընտրությամբ[2][4][5], մինչդեռ գիտական կոնսենսուսն այն է, որ սեռական կողմնորոշումը ընտրություն չէ[6][7][8]։
Գիտնականները չգիտեն սեռական կողմնորոշման ճշգրիտ պատճառները, բայց կարծում են, որ այն պայմանավորված է գենետիկական, հորմոնալ և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ[6][8][9]։ Նրանք նախընտրությունը տալիս են կենսաբանության վրա հիմնված տեսություններին[6], որոնք հաշվի են առնում գենետիկական գործոնները, վաղ արգանդային զարգացումը կամ գենետիկական և սոցիալական գործոնների ընդհանրությունը[10][11]։ Չկա ոչ մի հիմնավոր ապացույց, որ ծնողական և վաղ մանկական փորձառությունը կարող են դեր խաղալ անձի սեռական կողմնորոշման վրա[10]։ Մի քանի տասնամյակների հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական կողմնորոշումը ընդգրկում է շարունակական գործընթաց՝ բացառապես դեպի հակառակ սեռը ձգտումից մինչև բացառապես նույն սեռի ձգտումը[12]։
Սեռական կողմնորոշումը հիմնականում ուսումնասիրվում է կենսաբանության և հոգեբանության ոլորտներում (ներառյալ սեքսոլոգիան), սակայն դա նաև մարդաբանության, պատմության (ներառյալ սոցիալական կոնստրուկցիոնիզմը), իրավաբանության և այլ բնագավառների ուսումնասիրման առարկա է[13]։