Սերվեյոր ծրագիր
From Wikipedia, the free encyclopedia
«Սերվեյոր» ծրագիր (անգլ.՝ Surveyor program), ամերիկյան ավտոմատ լուսնակայանների սերիայի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքների ծրագրի անվանում։ Նախատեսված են եղել Լուսնի վրա փափուկ վայրէջք կատարելու և գիտական հետազոտություններ անցկացնելու համար։ «Սերվեյոր» ծրագրով աշխատանքները սկսվել են 1960 թվականի հունիսից և ավարտվել 1968-ի հունվարին։ Կայանները արձակվել են Ատլաս Կենտավր կրող հրթիռով։
Սերվեյոր 1 կայանը առաջին ամերիկյան տիեզերական սարքն է, որ կատարել է փափուկ վայրէջք այլ երկնային մարմնի վրա։ Կայանների թռիչքը կազմակերպվում էր ուղիղ դեպի Լուսին, հարվածային հետագծով, ապա թռիչքի վերջում կատարվում էր արգելակման մանյովր, և հետևում էր փափուկ վայրէջք։ Թռիչքը կազմում էր 63 - 65 ժամ, իսկ արգելակումը տևում էր մի փոքր ավելին քան երեք րոպեն[1]։
Ծրագիրն իրականացնում էր ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (ՌՇԼ) կողմից, որպես նախապատրաստում Ապոլոն ծրագրին, և սկիզբ է առել 1960 թվականին։ ՌՇԼ-ն ընտրեց «Հյուջես այրքրաֆթ» ընկերության որպես կայանի նախագծման մատակարար[1]։ Ծրագրի ամբողջական գինը կազմել է 469 միլիոն ԱՄՆ դոլլար։
Ընդամենը արձակվել են այս ծրագրի յոթ կայաններ, որոնցից հինգը հաջողությամբ վայրէջք են կատարել։ Երկու կայան կորսվել է՝ Սերվեյոր 2-ը բախվել է Լուսնին մեծ արագության տակ ու ոչնչացել, և Սերվեյոր 4-ի հետ կապն ընդհատվել է 2,5 րոպե վայրէջքից առաջ, համարվում է որ այն պայթել է։
Բոլոր յոթ կայանները այժմ գտնվում են Լուսնի վրա։ Սերվեյոր 3-ի ոորոշ մասեր բերվել են Երկիր Ապոլոն 12-ի անձնակազմի կողմից։ Այդ կայանի վրա տեղադրված տեսախցիկը այժմ ցուցադրվում է Վաշինգտոնի Ազգային օդագնացության և աստղագնացության թանգարանում[2]։