Սիմֆոնիա
From Wikipedia, the free encyclopedia
Սիմֆոնիա (հին հունարեն՝ συμφωνία — «ներդաշնակություն, ներդաշնակ ձայն»), երաժշտական ստեղծագործություն նվագախմբի համար։ Որպես կանոն, սիմֆոնիաները գրվում են խառը կազմ ունեցող (սիմֆոնիկ) մեծ նվագախմբերի համար, սակայն գոյություն ունեն նաև սիմֆոնիաներ լարային, կամերային, փողային և այլ նվագախմբերի համար, սիմֆոնիայի մեջ կարող են մտնել երգչախումբը և մենակատար վոկալային ձայները։ Հայտնի են նաև այնպիսի ժանրերի տարատեսակներ, ինչպիսիք են սիմֆոնիա համերգը (մենակատար գործիքով նվագախմբի համար) և համերգային սիմֆոնիան (երկուսից մինչև ինը մենակատար գործիքներ), որոնք իրենց բնույթով մոտ են համերգին։ Համանմանությամբ կարող են կիրառել «սիմֆոնիա» անունը, ժանրային կառուցվածքի տարրերի հետ միասին, երգչախմբի համար ստեղծագործություններ (երգչախմբային սիմֆոնիա) կամ ստեղծագործություններ գործիքի համար (հատկապես երգեհոնի, երբեմն՝ դաշնամուրի համար)։ Սիմֆոնիան կարող է սերտ կապ ունենալ երաժշտական այլ ժանրերի հետ՝ ստեղծելով այնպիսի հիբրիդային ժանրեր, ինչպիսիք են սիմֆոնի սյուիտը, սիմֆոնիա երևակայությունը, սիմֆոնիա պոեմը, սիմֆոնիա կանտատը [1]։
Դասական սիմֆոնիան (ստեղծվել է վիեննական դասական դպրոցի կոմպոզիտորների կողմից) կազմված է, որպես կանոն, չորս մասերից, որոնք գրված են սոնատային ցիկլային ձևով։ 19-20-րդ դարերում լայն տարածում են գտել ինչպես շատ, այնպես էլ քիչ մասերից բաղկացած ստեղծագործությունները։
Ակադեմիական երաժշտության մեջ սիմֆոնիան զբաղեցնում է նույն տեղը, ինչպիսին զբաղեցնում է դրաման կամ վեպը գրականության մեջ։ Նա անուն է տվել նոր, նախկինում անհայտ նվագախմբի կազմին և գործիքային երաժշտության ամենազգալի շրջանին՝ իր ձևերի և ժանրերի լայն շրջանակին, որոնց միավորում է «սիմֆոնիկ երաժշտություն» անվանումը[2]։