Սոսինձներ
From Wikipedia, the free encyclopedia
Սոսինձներ, բնական կամ սինթետիկ նյութեր, որոնք օգտագործվում են թուղթը, փայտանյութը, կտորեղենը, կաշին, մետաղը, ապակին, ռետինը սոսնձելու համար։ Սոսինձները պոլիմերների կոմպոզիցիաներ են, որոնք երբեմն պարունակում են նաև հավելանյութեր՝ օքսիդներ, պլաստիֆիկատորներ ևն։ Տարբեր մածուցիկության հեղուկներ են (լուծույթներ, սուսպենզիաներ, Էմուլսիաներ, հեղուկ մոնոմերներ), թաղանթներ, փոշիներ կամ ձողիկներ (օգտագործելիս հալում են կամ սոսնձվող մակերևույթը նախօրոք տաքացնում)։ Սոսնձվող մակերևույթները վերամշակում են (մեխանիկական մաքրում, յուղազերծում, անողորկացում ևն), սոսնձապատում և ամուր հպում իրար։ Սոսինձները պետք է լավ թրջեն այդ մակերևույթները։ Լուծիչը հեռանալու (գոլորշիացում), սառչելու կամ քիմիական փոխարկումների (պոլիմերացում, պոլիկոնդենսում են) շնորհիվ սոսինձների պնդանում են՝ առաջացնելով սոսնձաթաղանթի նուրբ շերտ սոսնձվող մակերեսների միջև։ Սոսնձվելը հետևանք է սոսնձաթաղանթի ու սոսնձվող նյութի մակերևույթների փոխազդեցության (ադհեդիա)։ Սոսնձման ամրությունը պայմանավորված է նաև սոսնձաշերտի ներսում մոլեկուլների փոխադարձ ձգողության (կոհեզիա)։ Ըստ հիմնական բաղադրիչի բնույթի տարբերում են՝ անօրգանական, օրգանական և տարրօրգանական սոսինձներ։