Սորենտո
From Wikipedia, the free encyclopedia
Սորենտո (իտալերեն՝ Sorrento արտասանություն: [sorˈrɛnto]; նեապ.՝ Surriento, արտասանություն՝ surˈrjendə), քաղաք Հարավային Իտալիայում, Նեապոլի ծավածոցի հարավային ափին։ Զբոսաշրջային կարևոր վայր է, որը հրապուրում է անտիկվարային բազմազան ու բազմաթիվ փոքր խանութներով[2], հանրահայտ Ամալֆի լողափի ընձեռած գրավիչ պայմաններով։ Խանութները զբոսաշրջիկներին առաջարկում են գեղեցիկ խեցեղեն, ժանյակե գործվածքներ, փայտից պատրաստված տնային գործածության առարկաներ, հուշանվերներ[2]։ Սորենտո կարելի է հեշտությամբ հասնել Նեապոլից և Պոմպեյից, ավտոմեքենայով, նավով, գնացքով։ Դիմացը, ոչ մեծ հեռավորության վրա, գտնվում են Վեզուվ հրաբուխը, Կապրի կղզին, ուր կարելի է հասնել աշխուժորեն երթևեկող նավերով ու նավակներով։ Սորենտոյի տեսարժան վայրերը, բնակլիմայական հրաշալի պայմանները, շքեղ հյուրանոցները հրապուրել են բազում անվանի մարդկանց, նրանց թվում՝ Էնրիկո Կարուզոյին, Լուչիանո Պավարոտիին և շատ ու շատ ուրիշների։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սորենտո | |||
իտալ.՝ Sorrento | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Մակերես | 9,96 կմ² | ||
ԲԾՄ | 50±1 մետր | ||
Բնակչություն | ▼15 407 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 081 | ||
Փոստային դասիչ | 80067 | ||
Ավտոմոբիլային կոդ | NA | ||
Պաշտոնական կայք | comune.sorrento.na.it | ||
| |||
Այստեղ արտադրվում են լիմոնչելո լիկյոր, գինիներ, ալկոհոլային այլ խմիչքներ, շաքար, ջրեղեն, ցիտրուսային մրգեր, ձիթապտուղ, ընդեղեն։ Կան տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակիչներն զբաղվում են նաև այգեգործությամբ ու ձկնորսությամբ։
Քաղաքն զբաղեցնում է մոտավորապես 9 քառակուսի կիլոմետր տարածք, վարչականորեն ենթարկվում է Կամպանիա մարզի կենտրոնը համարվող Նեապոլին։ Բնակչության թիվը 2004 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով կազմել է 16 506 մարդ, բնակչության խտությունը՝ 1740 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։
Բնակավայրի հովանավորն է համարվում սուրբ ճգնավոր և տեղի բենեդիկտյան վանքի վանահայր Անտոնիուսը (555 կամ 556—625 թթ.). նրա տոնը նշվում է յուրաքանչյուր տարի, փետրվարի 14-ին։
Քաղաքը, վաղուց ի վեր հայտնի լինելով իր մեղմ կլիմայով ու փարթամ բուսականությամբ, բնակեցվել է դեռևս վաղ քարե դարի ժամանակներից սկսած (մեր թվականությունից շուրջ 50 հազար տարի առաջ)։