Սոփեստներ
From Wikipedia, the free encyclopedia
Սոփեստներ (հին հունարեն՝ σοφιστής, հմուտ, իմաստուն, հետագայում նաև՝ իմաստակ), մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։
Իմացաբանության մեջ սոփեստները հակված էին ոելյատիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշական է Պրոտագորասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտագորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Ս-ի երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով, ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակցությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան սոփեստները, ովքեր որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։
Սոփեստները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում էին սոփեստություններ, որը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր Ս-ի հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»։