Վազէկտոմիա
From Wikipedia, the free encyclopedia
Վազէկտոմիա, վիրահատական միջամտություն, որի ընթացքում տղամարդու սերմնածորանները հատվում ու կապվում (փակվում) են այնպես, որ սերմնահեղուկը չկարողանա անցնել սերմնատար ծորաններ (սերմնաժայթքում) և կանխվի բեղմնավորումը։ Վազէկտոմիան սովորաբար կատարվում է ամբուլատոր պայմաններում, բուժհաստատություններում։
Վազէկտոմիա | |
Բեղմնականխման ձևը/տեսակը | Ամլացում |
---|---|
Մարդկությանը հայտնի է | 1899 (փորձարկվել է՝ 1785-ից)[1] |
Ճիշտ կիրառման դեպքում | 0.10%[2] |
Տիպական կիրառման դեպքում | 0.15%[2] "Vas-Clip" գրեթե 1%[2] |
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում) | Հնարավոր է, սակայն ծախսատար |
Հուշում | Հարկավոր է սպերմայի երկու հաջորդական բացասական նմուշներ՝ ազոոսպերմիան հաստատելու համար |
Կլինիկական նշաններ | Բոլոր |
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանություն | Ոչ |
Առավելություններ | Ընդհանուր անզգայացման կարիք չկա։ Ավելի քիչ գումար և միջամտություն է պահանջում, քան արգանդափողերի կապումը |
Ռիսկեր | Ամորձիների ժամանակավոր տեղային բորբոքում կան այտուց։ Երկարաժամկետ ցավ սեռական օրգանի հատվածում՝ վազէկտոմիայի հետվիրահատական ցավի համախտանիշ:Ամլացում կատարելու ափսոսանք |
Կան մի քանի մեթոդներ, որոնցով վիրաբույժը կարող է իրականացնել վազեկտոմիա, որոնք բոլոր դեպքերում ենթադրում են սերմնածորաններից յուրաքանչյուրի առնվազն մեկ ծայրի խցանում (փակում)։ Որպես ոչ բարդ վիրահատություն՝ այն սովորաբար տևում է մինչև 30 րոպե։ Միջամտությունների սենյակում կարճատև (սովորաբար մեկ ժամից պակաս) վերականգնումից հետո վիրահատված տղամարդուն ուղարկում են տուն՝ հանգստանալու։ Քանի որ վիրահատությունն ընթանում է նվազագույն միջամտությամբ, վազէկտոմիայի ենթարկված շատ տղամարդիկ վերադառնում են իրենց բնականոն սեռական վարքագծին մեկ շաբաթվա ընթացքում՝ չնչին անհարմարություններով կամ դրանց բացակայությամբ։
Քանի որ այդ միջամտությունը բեղմնականխման մշտական մեթոդ է և դժվար դարձելի, տղամարդկանց խորհուրդ է տրվում խորհել այն խնդրի շուրջ, թե վազեկտոմիայի երկարատև արդյունքն, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ իրենց վրա թե՛ հուզական, թե՛ ֆիզիկական առումով։ Վիրահատությունը հաճախ խորհուրդ չի տրվում ամուրի երիտասարդ տղամարդկանց, քանի որ այս միջամտության արդյունքում նրանց կենսաբանական ծնող դառնալու հնարավորությունները այս կամ այն կերպ մշտապես նվազում են՝ գրեթե զրոյանալով։