Վատիկանի գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Վատիկանի առաքելական գրադարան (լատին․՝ Bibliotheca Apostolica Vaticana), որն ավելի հայտնի է Վատիկանի գրադարան կամ պարզապես Վատ անունով, Սուրբ Աթոռի գրադարանն է, որը գտնվում է Վատիկանում։ Գրադարանը տեղակայված է Վատիկանի պալատի շենքում, որտեղ կարելի է մուտք գործել Բելվեդերի բակի կողմից։ Պաշտոնապես հիմնադրված լինելով 1475 թ․, այն աշխարհի ամենահին գրադարաններից է, որտեղ պահպանվում են պատմական տեքստերի ամենակարևոր հավաքածուները։ Գրադարանի հիմնադիրն է համարվում Նիկողայոս V պապը (1447-1455), սակայն առաջին կարդինալ գրադարանավարը նշանակվել է Պողոս III պապի կողմից՝ մի դար անց՝ 1548 թ։ Գրադարանը հարստացել է կարևոր նվիրատվություններով, ժառանգություններով և ձեռքբերումներով Լևոն XIII և Պիոս XI պապերի գահակալության օրոք[5]։ Ներկայումս այն ունի 75․000 ձեռագիր գիրք՝ պատմության ամբողջ շրջանից[6], ինչպես նաև 1.1 միլիոն տպագիր գիրք, այդ թվում՝ 8․500 հնատիպ գիրք։ Վատիկանի գրադարանը պատմության, օրենքի, փիլիսոփայության, գիտության և աստվածաբանության բնագավառներում հետազոտական գրադարան է։ Մասնավոր ուսումնասիրության նպատակով 1801-1990 թթ․ լույս տեսած գրքերի էջերից պատճենահանում կատարելու համար անհրաժեշտ է անձամբ կամ էլեկտրոնային հասցեով դիմում ներկայացնել։ 2007-2010 թթ․ գրադարանն իրականացրել է 9 միլիոն եվրո արժողությամբ վերանորոգման աշխատանքներ՝ անհրաժեշտ սարքավորումները նորացնելու համար։ 2014 թ․ մարտին գրադարանը սկսել է նախնական 4 տարի տևողություն ունեցող ձեռագրերի հավաքածուն թվայնացնելու նախագիծ, որի շնորհիվ այդ ձեռագրերը հասանելի կդառնան առցանց տարբերակով։ Գրադարանում գործում է Գրադարանային գիտության Վատիկանի դպրոցը։
Վատիկանի գրադարան | |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Երկիր | Վատիկան[1][2] |
Տեղագրություն | Վատիկան[1][2] |
Հասցե | Cortile del Belvedere, V-00120 Città del Vaticano[1] |
Հիմնադրվել է | 1450[3] |
Տնօրեն | Angelo Vincenzo Zani?[4] |
Կայք | vaticanlibrary.va(իտալ.)(անգլ.) |