Տրանսֆորմերները (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Տրանսֆորմերները» (անգլ.՝ Transformers), ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ է, որը նկարահանվել է 2007 թվականին ռեժիսոր՝ Մայքլ Բեյի կողմից, «Hasbro» ընկերության խաղալիքների շարանի, և համանուն մուլտսերիալի մոտիվներով։
Ֆիլմը պատմում է Ավտոբոտների և Դեսեպտիկոնների պատերազմի մասին։ Վերջիններս խելամիտ, գերժամանակակից ռոբոտներ են, որոնք ընդունակ են վերափոխվել, կամ, ինչպես ասում են՝ «տրանսֆորմացվել» զանազան տեխնիկաների։ Նրանց տարաձայնության պատճառը գերհզոր «կայծն է», որի սխալ օգտագործման դեպքում կարող է կործանվել ողջ Գալակտիկան։ Ավտոբոտները գալիս են Երկիր մոլորակ, որպեսզի պաշտպանեն այդ «կայծը» Դեսեպտիկոններից, որոնք ուզում են այն օգտագործել իրենց կործանարար նպատակներով։ Թույլ, բայց խիզախ մարդիկ օգնության են հասնում ավտոբոտներին։
Չնայած նրան, որ Մայքլ Բեյը երբեք չի եղել «Տրանսֆորմերների» երկրպագու, նա այնուամենայնիվ համաձայնվեց ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի առաջարկին՝ դառնալ ֆիլմի ռեժիսոր։ Նա դա արեց այն բանից հետո, երբ նա եղավ «Hasbro» ընկերության գրասենյակում, և է՛լ ավելի շատ բան իմացավ տիեզերքի միֆալոգիայի մասին։ Բեյն ավելի զարգացրեց, նորացրեց ու բարդացրեց ռոբոտների դիզայնը և հնարավորությունները՝ ֆիլմում տալով նրանց երկրորդական դերեր։ Այս փաստը մեծ զայրույթ առաջացրեց համանուն մուլտսերիալի և կոմիքսների երկրպագուների մոտ։ Նկարահանումների ժամանակ Բեյը փորձում էր բյուջեյից որքան հնարավոր է շատ գումար պահել սպեցէֆֆեկտների համար, այդ իսկ պատճառով նա պայմանագիր կնքեց «General Motors» ավտոմոբիլային ընկերության և ԱՄՆ զինված ուժերի հետ, ինչի շնորհիվ նա հնարավորություն ստացավ ազատ օգտագործել մեքենաների և տեխնիկաների որոշ տեսակներ։
«Տրանսֆորմերները» առաջին անգամ էկրան բարձրացավ 2007 թվականի հունիսի 12-ին։ Ֆիլմի միայն այդ օրվա հասույթի չափը ռեկորդային էր։ Ֆիլմն ունի շարունակություն՝ բաղկացած 3 մասերից․ «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը», «Տրանսֆորմերներ։ Լուսնի մութ կողմը», «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման Դարաշրջանը»։
Ներկայումս ֆիլմն ունի «Visual Effects Society»-ի չորս մրցանակ, ինչպես նաև ներկայացվել է Օսկարի երեք անվանակարգերում՝ «լավագույն ձայն», «լավագույն վիզուալ էֆեկտներ» և «լավագույն ձայնային մոնտաժ»։