Փայտացում
բակտերիալ ինֆեկցիա, որը արտահայտվում է մկանային սպազմերով / From Wikipedia, the free encyclopedia
Փայտացում՝ ինֆեկցիա է, որը բնորոշվում է մկանների սպազմով[1]։ Ամենաբնորոշ ձևում սպազմը սկսվում է ծնոտից և տարածվում ամբողջ մարմնի վրա[1]։ Այս սպազմները սովորաբար տևում են րոպեներ և հաճախակի են լինում 3-ից 4 շաբաթվա ընթացքում[1]։ Սպազմերը կարող են լինել այնքան ուժեղ, որ նույնիսկ կարող են կոտրվածքներ առաջացնել[6]։ Այլ ախտանիշներից են տենդը, ինտենսիվ քրտնելը, գլխացավը, կուլ տալու դժվարությունները (Դիսֆագիա), արյան բարձր ճնշումը և տախիկարդիան[1][6]։ Ախտանիշները սկսում են ի հայտ գալ վարակումից 3-21 օր հետո[1]։ Վերականգնումը կարող է տևել ամիսներ[1]։ Դեպքերի 10%-ը ավարտվում է մահով[1]։
Փայտացում Tetanus | |
---|---|
Մկանների սպազմ, օպիստոտոնուս կատաղությամբ հիվանդ մարդու մոտ | |
Տեսակ | Ինֆեկցիոն հիվանդություններ |
Պատճառ | Clostridium tetani[1] |
Փոխանցման ձև | կոնտակտային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | Մկանային սպազմ, տենդ, գլխացավ[1] |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում և մանրէաբանական կուլտուրա |
Ռիսկի գործոններ | Մաշկի ամբողջականության խախտում[2] |
Ախտորոշում | Հիմնված է յուրահատուկ ախտանիշների վրա[1] |
Բուժում | Փայտացման իմունոգլոբուլին, մկանապաշարիչներ,թոքերի արհեստական օդափոխում[1][3] |
Կանխարգելում | Փայտացման պատվաստանյութ[1] |
Հաճախություն | 209,000 (2015)[4] |
Սկիզբը | Վարակվելուց 3–21 օր հետո[1] |
Մահերի քանակ | 56,700 (2015)[5] |
Tetanus Վիքիպահեստում |
Փայտացումը հարուցում է Clostridium tetani բակտերիան[1], որը հայտնաբերվում է հողի, թքի, փոշու և գոմաղբի մեջ[2]։ Բակտերիան հիմնականում մուտք է գործում վնասված մաշկով, որը կարող է լինել քերծվածքի կամ սուր գործիքով ծակածի տեսքով[2]։ Այդ բակտերիան արտադրում է թույն, որը ազդում է մկանների կծկման վրա և առաջացնում է բնորոշ ախտանիշներ[3]։ Ախտորոշումը դրվում է յուրահատուկ ախտանիշների հիմքի վրա[1]։ Հիվանդությունը չի տարածվում մարդկանց միջև[1]։
Ինֆեկցիան կարելի է կանխարգելել փայտացման պատվաստանյութով իմունիզացիայով[1]։ Մաշկի վնասվածքը պետք է մաքրվի և մեռուկացած հյուսվածքները պետք է հեռացվեն[1]։ Ինֆեկցված մարդկանց համար օգտագործվում է փայտացման իմունոգլոբուլին[1]։ Մկանապաշարիչները օգտագործվում են սպազմը կառավարելու համար[3]։ Շնչառության խանգարման դեպքում օգտագործվում է արհեստական շնչառություն[3]։
Փայտացումը հանդիպում է աշխարհի բոլոր մասերում, բայց ավելի հաճախ է տաք և խոնավ կլիմայով հատվածներում, որտեղ հողն ավելի շատ օրգանական նյութեր է պարունակում[1]։ 2015 թվականին դիտվել էր մոտ 209,000 վարակում և 59,000 մահվան դեպք[4][5]։ 1990 թվականին գրանցվել էր 356,000 մահվան դեպք[7]։ Հիվանդությունը նկարագրվել է դեռ մ․թ․ա 5-րդ դարում Հիպոկրատի կողմից[1]։ Պատճառը նկարագրվել է 1884 թվականին Անտոնիո Կարլի և Ջիորջիո Ռատտոնի կողմից Թուրինի համալսարանում, որտեղ հենց 1924 թվականին ստեղծվել է պատվաստանյութը[1]։