Քաղաքական ճգնաժամ Ուկրաինայում (2013-2014)
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական ճգնաժամ Ուկրաինայում (2013-2014), 2013 թվականի նոյեմբերին Ուկրաինայի կառավարության որոշմամբ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամ։ Այդ որոշումը հանգեցրել Է Կիևի կենտրոնում, ինչպես նաև Ուկրաինայի այլ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիայի, որը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում ստացել է «Եվրամայդան» անվանումը՝ 2004 թվականի իրադարձությունների նմանությամբ։
2013 թվականի նոյեմբերի լույս 30-ի գիշերը ընդդիմության վրանային քաղաքի ուժային ցրումից հետո բողոքի ակցիան կտրուկ հակաիրավական և հակակառավարական բնույթ է ընդունել և, ի վերջո, 2014 թվականի փետրվարին հանգեցրել է Ուկրաինայում իշխանափոխության։ Որպես ելակետային պատճառներ, որոնք պայմանավորում են բողոքի ցույցերի թափը, նշում են սոցիալական անարդարության բարձր մակարդակը, Ուկրաինայի բնակչության եկամուտների և կենսամակարդակի հսկայական բևեռացումը[1]։
2014 թվականի փետրվարի 21-ին Արևմուտքի երկրների ճնշման[2][3][4][5][6][7] և իշխանության կուսակցությունից նախկին կողմնակիցների ուժեղացող փախուստի ֆոնին Վիկտոր Յանուկովիչն ընդդիմության հետ համաձայնագիր է ստորագրել ճգնաժամի կարգավորման մասին, որը, մասնավորապես, նախատեսում էր 2004 թվականի Սահմանադրության անհապաղ վերադարձ, «ազգային վստահության կառավարության» ձևավորում, սահմանադրական բարեփոխում և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում 2014 թվականի դեկտեմբերից ոչ ուշ[8]։ Նույն օրը Յանուկովիչը լքել է Կիևը։
Փետրվարի 22-ին Գերագույն ռադան որոշում է ընդունել[9], որում հայտարարել Է, որ Յանուկովիչը «հակասահմանադրական կերպով ինքնամեկուսացել է սահմանադրական լիազորությունների իրականացումից» և չի կատարում իր պարտականությունները, ինչպես նաև արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել 2014 թվականի մայիսի 25-ին[10]։ Փետրվարի 23-ին Ուկրաինայի նախագահի պարտականությունները հանձնվել են Գերագույն ռադայի նոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովին[11]։
Ուկրաինական նոր իշխանությունը ճանաչում է ստացել Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից[12]։ Փետրվարի 27-ին Ուկրաինայի վարչապետ է դարձել Արսենի Յացենյուկը, ձևավորվել է ժամանակավոր կառավարություն[13]։
Եթե Ուկրաինայի հյուսիսային, կենտրոնական և արևմտյան շրջաններում երկրի նոր ղեկավարությունը, որը հայտարարել է եվրաինտեգրման ուղղությամբ շարժումը վերսկսելու մասին, վայելում էր բնակչության աջակցությունը և արագ ամրապնդում էր իր դիրքը, ապա հարավ-արևելքում նախկին ընդդիմության իշխանության գալուց հետո առաջին իսկ օրերից սկսել է ընդվզել բողոքի ալիք ծայրահեղ աջ ազգայնական կազմակերպությունների գործողությունների դեմ, ի պաշտպանություն ռուսաց լեզվի կարգավիճակի, հակակառավարական, ֆեդերալ[14], ռուսամետ կարգախոսների ներքո[15]։ Բողոքի ակցիաները պայմանավորված էին բնակչության զգալի խմբերի կարծիքներն ու շահերը հաշվի առնելու նոր ղեկավարության մերժմամբ, որոնք տրամադրված էին Ռուսաստանի հետ սերտ կապերի պահպանմանը[16], ինչպես նաև ծայրահեղական ուլտրաաջ խմբավորումների մտադրությամբ, որոնք Եվրամայդանի ընթացքում ուժեղացրել են իրենց քաղաքական ազդեցությունը, հարավ-արևելքի ռուսալեզու տարածաշրջանների վրա տարածել ուժային ճնշման մեթոդներ և մեթոդներ, որոնք փորձարկվել են Կիևում և Ուկրաինայի արևմուտքում զանգվածային անկարգությունների ընթացքում[17] (վարչական շենքերի զավթում, խորհրդային ժամանակների հուշարձանների քանդում[15][18][19][20][21])։ Ուկրաինայի դաշնայնացման կարգախոսներն այստեղ փոխարինվել են տարածաշրջանների ինքնուրույնության պահանջներով և հանգեցրել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հռչակմանը։ Հակակառավարական ելույթները ճնշելու համար Ուկրաինայի ղեկավարությունը ապրիլի կեսերին հայտարարել էր ուժային գործողություն սկսելու մասին։ Հակակառավարական ելույթները ճնշելու համար Ուկրաինայի ղեկավարությունը ապրիլի կեսերին հայտարարել էր ուժային գործողություն սկսելու մասին։
Ղրիմում ռուսամետ ուժերը Սևաստոպոլի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանության գործադիր մարմինների փոփոխություն են իրականացրել, իսկ նրանք, իրենց հերթին, հրաժարվել են ճանաչել ուկրաինական նոր կառավարության լեգիտիմությունը և դիմել են Ռուսաստանի ղեկավարությանը աջակցության և օգնության համար։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում հռչակվել Է Ղրիմի անկախությունը, անցկացվել է նրա կարգավիճակի վերաբերյալ համաղրիմյան հանրաքվե և իրականացվել Է Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը։
Մայիսի 25-ին Դոնբասում զինված հակամարտության ֆոնին կայացել են Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները[22]։ Հաղթանակ է տարել Պետրո Պորոշենկոն, որը հավաքել է ձայների 54,7 %-ը[23]։
Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության փոփոխությունը չի նպաստել քաղաքական ճգնաժամի կարգավորմանը, այլ ընդհակառակը, հանգեցրել է դրա խորացմանը։ Նախագահ Յանուկովիչին իշխանությունից հեռացնելու լեգիտիմությունը, շրջանցելով սահմանադրական ընթացակարգերը, շարունակել է հարցեր առաջացներ։ Ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցներում[24] և իշխանափոխությանը սատարող ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարություններում տվյալ իրադարձությունները, ինչպես և ամբողջ Եվրամայդանը, դիտարկվում են որպես հեղափոխություն[25] («արժանապատվության հեղափոխություն»)։ Ռուսական ԶԼՄ-ներում, ռուս և ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչների հայտարարություններում դրանք հաճախ գնահատվում են որպես պետական հեղաշրջում[26][27], իսկ 2016 թվականի դեկտեմբերին, համաձայն նախկին գումարումների Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկի հայցով Մոսկվայի Դորոգոմիլովյան դատարանի որոշման ճանաչվել է պետական հեղաշրջում[28]։
Ինչպես 2015 թվականի սկզբին նշել է Ագնեշկա Պիկուլիցկա Վիլչևսկան, քչերը կարող էին կանխատեսել, որ Կիևի կենտրոնում Ուկրաինայի ինտեգրման եվրոպամետ վեկտորի աջակցության խաղաղ ցույցն ի վերջո կհանգեցնի դաժան առճակատման, ընտանիքների, համայնքների և ուկրաինական ազգի բաժանման։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության տվյալներով՝ հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 500 հազար մարդ լքել է իր հայրենի վայրերը՝ ապաստան փնտրելով հենց Ուկրաինայի տարածքում և ևս հարյուր հազար մարդ փախել է երկրից, հիմնականում՝ Ռուսաստան։ 2015 թվականի փետրվարին Դոնբասում զինված հակամարտության ընթացքում ավելի քան 5 հազար մարդ Է զոհվել և ավելի քան 10 հազար մարդ անհայտ կորել[29]։