Քաղաքական փիլիսոփայություն
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական փիլիսոփայություն կամ քաղաքական տեսություն, կառավարման փիլիսոփայական հետազոտություն, որն ուսումնասիրում է հանրային ծառայողների և ինստիտուտների միջև փոխհարաբերությունները, դրանց բնույթը, օրինականությունը և շրջանակը։ Քաղաքական փիլիսոփայության ուսումնասիրության թեմաներից են քաղաքականությունը, արդարությունը, ազատությունը, սեփականությունը, իրավունքներն ու օրենքները և իշխանության կողմից օրենքների կիրարկումը։ Այն փորձում է պատասխանել հետևյալ հարցերին՝ ինչն է իշխանությունը դարձնում օրինական, ինչ իրավունքներ և ազատություններ պետք է այն պաշտպանի, ինչ ձև այն պետք է ունենա, ինչ է օրենքը, ինչ պարտականություններ ունեն քաղաքացիները օրինական իշխանության նկատմամբ, եթե ունեն այդպիսիք, և ինչպես կարող է այն օրինական կերպով տապալվել։
Քաղաքական տեսությունը նաև անդրադառնում է ավելի լայն շրջանակի հարցերի՝ փորձելով անդրադարձ կատարել այնպիսի երևույթների քաղաքական բնույթին, ինչպիսիք են ինքնությունը, մշակույթը, ռասան, քաղաքական տնտեսությունը, քաղաքական էթիկան, մարդ-կենդանի հարաբերությունները, քաղաքական աստվածաբանություն և այլն։
Քաղաքական փիլիսոփայությունը փիլիսոփայության մի ճյուղ է[1], սակայն այն մեծ դեր է խաղացել նաև քաղաքագիտության մեջ, որում պատմականորեն շեշտ է դրվել ինչպես քաղաքական մտքի պատմության, այնպես էլ ժամանակակից քաղաքական տեսության վրա (նորմատիվ քաղաքական տեսությունից մինչև տարբեր քննադատական մոտեցումներ)։