Օր
From Wikipedia, the free encyclopedia
Օր, ժամանակի չափման միավոր, մոտավորապես հավասար է այն ժամանակին, որի ընթացքում Երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ[1]։ Սովորաբար «օր» ասելով նկատի է առնվում արևային օր աստղագիտական հասկացությունը, որով կոչվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում Արևը երկու անգամ հասնում է երկնքում իր ամենաբարձր կետին[2]։
1960 թվականին օրը վերասահմանվել է Երկրի ուղեծրային շարժման հիման վրա և ներառվել Միջազգային համակարգի հիմնական միավորների շարքում։ Օր չափման միավորը վերասահմանվել է որպես 86,400 ՄՀ վայրկյան և նշանակվել d։ Քաղաքացիական օրը սովորաբար կազմված է 86 400 վայրկյանից՝ գումարած կամ հանած կոորդինացիոն վայրկյանը Համաշխարհային կոորդինացված ժամանակում (UTC), իսկ երբեմն էլ ավելացրած կամ հանած այն մեկ ժամ այն վայրերում, որոնք անցնում են ամառային ժամանակի[1][2]։ Օրն ունի 24 ժամի (1440 րոպե, կամ 86400 վայրկյան) և պայմանականորեն բաժանվում է չորս մասի՝ առավոտ, կեսօր, երեկո և գիշեր։ Օրացուցային օրերը կազմում են շաբաթներ, ամիսներ, տարիներ։
Որպես օր սովորաբար առանձնացվում է այն 24 ժամը, որ ընկած է մեկ կեսգիշերից մինչև հաջորդը և համապատասխանում է իր առանցքի շուրջը Երկրի մեկ պտույտի ժամանակին[3]։ Սակայն այն կարող է նշանակել տարբեր ժամանակահատվածներ՝ կախված համատեքստից, օրինակ՝ եթե ասվում է «օր ու գիշեր», որպես օր նկատի է առնվում երկու գիշերների միջև ընկած ժամանակահատվածը, այսինքն՝ արևածագից մինչև մայրամուտ[4], ցերեկը, որ ընկած է մի գիշերվանից մինչև մյուսը[5]։ Օր բառը կարող է վերաբերել նաև շաբաթվա օրվան կամ օրացուցային օրվան, օրինակ՝ երբ հարցնում են. «Ո՞ր օրը»։ Մարդու և բազմաթիվ կենդանիների կենսաբանական ռիթմերը կախված են Երկրի արևային օրվանից և գիշեր-ցերեկ հերթագայությունից։